Տոներին ընդառաջ ՀՀ նախագահի նստավայրն այսօր հյուրընկալել է զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներին ու թոռնիկներին: Մինչ երեխաները մասնակցում էին հանդեսին, նրանց ծնողները սպասում էին Բաղրամյան 26-ի հարակից մայթին:
Այստեղ հերթական ակցիան էին անցկացնում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, ովքեր պահանջում են իրենց որդիների գործերի բացահայտում և մեղավորների պատժում: Բանակում հարազատներին կորցրած մարդկանց այս երկու խմբերի միջև բախում է տեղի ունեցել: Ազատամարտիկների ծնողները ակցիա անցկացնողներին խնդրում էին հեռու գնալ, որպեսզի նախագահականից դուրս եկող երեխաները չտեսնեին զոհված զինվորների նկարները և «չվախենային»: Նրանք ասում էին, որ երեխաները կազդվեն և կտխրեն: Ակցիայի մասնակից մի կին հակադարձել էր, որ «եթե Սերժից չեն վախենում, ոչ մեկից չեն վախենա», իսկ մտահոգվելուց ու տխրելուց երեխաներին չես պաշտպանի, քանի որ նրանք ապրում են Հայաստանում՝ սոված են ու մրսում են, «մի տոպրակ ամանորյա կոնֆետին կարոտ»:
«Ձեզ վրա ենք զարմանում, որ ձեր երեխաներին բերել եք նախագահական տոնածառ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Զոհված ազատամարտիկների ծնողներն ասում էին, որ լավ հասկանում են որդի կորցնելու ցավը:
«Դե դուք հանգիստ եք, քանի որ գիտեք ձեր որդիների մահվան հանգամանքները: Մենք էլ իմանանք՝ կհանգստանանք»,- ասել է 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Քանի որ զոհված զինծառայողների ծնողները հրաժարվել են հեռանալ, ոստիկանները և ծնողները երեխաներին փորձել են արագ հեռացնել նախագահականից: