Արևմուտքի և Արևելքի միջև այսօր ընթացող պայքարի համատեքստում Հայաստանի պես փոքր երկրները դժվար վիճակում են հայտնվել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասել է տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
Եվրասիական տնտեսական միությունում, նրա խոսքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «իր գործերն է ուզում դասավորի», Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ իր, իսկ «Հայաստանը խեղճուկրակ մի տեղում հանգրվանած է»։
«Հայաստանի Հանրապետությունը, այդուհանդերձ, չի գտնվում սարսափելի իրավիճակում՝ պայմանավորված հենց հայ մարդու մտքով, խելքով և բանիմացությամբ։ Հասկանալով, որ իրեն տիրություն անող չկա էս պահին, ստիպված տրանսֆերտներ պիտի բերեն, մի կերպ իրենց գոյությունը պահպանեն, սպասենք, տեսնենք լավ օրերը երբ կգան», ֊ ասել է տնտեսագետը։
Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ, ամփոփելով տարին, ասել է, որ թեև Հայաստանն ինտեգրվել է ԵՏՄ֊ին, Եվրոպան Հայաստանից «ձեռք չի քաշելու»։ Ըստ նրա՝ դրա վկայութունն է, որ Եվրոպան շարունակում է Հայաստանին պահել իր ֆինանսական ծրագրերում։
«Կարծում էի՝ այս տարի կհասցնենք Ասոցացման նոր համաձայնագիր կնքել, բայց, ցավոք, դա ուշացավ», ֊ ասել է տնտեսագետը, հույս հայտնելով՝ որ դա տեղի կունենա հաջորդ տարվա մեջ։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերադասավորումներին՝ Մակարյանն ասել է, որ հարևան պետությունները էականորեն զարգանում են կամ գտնվում են նույն մակարդակի վրա։ Օրինակ, Ադրբեջանի տնտեսությունը առայժմ չի վատանում, Վրաստանն ունի նախադրյալներ զարգանալու, Թուրքիայի, Իրանի տնտեսությունները զարգանում են, Եվրոպայի երկրների, ԱՄՆ֊ի, Չինաստանի տնտեսությունները՝ նույնպես, մինչդեռ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է հոգևարքի մեջ։
«Նույնը նաև Մաքսային միության երկու այլ երկներում։ Բելառուսում քիչ են խոսում, բայց կա ներքին ինֆորմացիա, որ վատ վիճակներ են առաջանում։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է իր տնտեսական կոմպոնենտը ուժեղացնի արտաքին քաղաքականության մեջ, շուկաներ գտնելու, ալտերնատիվ շուկաներում վերադասավորվելու առումով», ֊ ասել է տնտեսագետը։