Եվրասիական տնտեսական միությունը դրամի կտրուկ արժեզրկման հետ որևէ կապ չունի։ «Էխո Կավկազա»֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Հայաստանը դեռևս Եվրասիական տնտեսական միության անդամ չէ, ու երբ մտնի այդ միություն, եթե մտնի, ակնթարթային փոփոխություններ տեղի չեն ունենա․ դա երևում է պայմանագրից, արդեն հրապարակված փաստաթղթերից։ Ազգային արժույթների անկայունությունը, որը նկատվում է, օրինակ, հարևան Վրաստանում, որը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ ու չի էլ պատրաստվում դառնալ, հայկական ու ռուսական շուկաների բավական սերտ կապվածության հետևանք է։ Ի դեպ, դա վերաբերում է նաև վրացականին ու ռուսականին, մոլդովականին ու ռուսականին, այսինքն, բյուջեի 20 տոկոսը կազմում են Ռուսաստանում աշխատող հարազատներից եկող փոխանցումները։ Եվ ահա այդ գումարներն արժեզրկվում են, քանի որ Ռուսաստանում ապրող մարդիկ կամ կորցնում են իրենց աշխատանքը, կամ ավելի քիչ վաստակում, քանի որ կրճատվում է հենց Ռուսաստանի շուկան»,֊ ընդգծել է փորձագետը։
Դրամի արժեզրկման մյուս պատճառը, Իսկանդարյանի խոսքով, նավթի գների անկումն է։ «Բանն այն է, որ մետաղների գները համաշխարհային շուկայում կապված են նավթի գների հետ։ Մետաղները, եթե չեմ սխալվում, հայկական արտահանման խոշոր մասն են կազմում՝ Հայաստանում արտադրվում է մոլիբդեն, կա ոսկի, և այլն, ու այն, որ այս մետաղների գներն անկում են ապրում, արտացոլվում է Հայաստանի տնտեսության վրա։ Հայկական տնտեսությունը, ընդհանրապես, բավական սերտորեն կապված է համաշխարհայինին, Հայաստանն այդ առումով մեկուսացված երկիր չէ, հետևաբար այդ շուկաներում փոփոխություններն ազդում են երկրի վրա։
Իսկապես, դրամի արժեզրկումը բավական զգալի էր․ այժմ այն հաջողվել է կասեցնել, բայց չեմ կարծում, որ իրավիճակը կայուն կմնա։ Դա կախված է, թե որքան կշարունակվեն արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ու ինչ կկատարվի նավթի գների հետ, քանի որ այստեղ հարցը Եվրասիական միությունը չէ, այլ՝ տնտեսությունների կապվածությունը։
Տնտեսական իրավիճակն ազդում է նաև Հայաստանի հասարակության վրա, այսինքն, ամենախուլ գյուղում, ամենահեռավոր քաղաքում մարդիկ տնտեսական բարդությունների են բախվում այն պատճառով, որ փոխվում է դրամի արժեքը, նվազում է մետաղի արտահանումը, մարդիկ դրա հետևանքով կորցնում են իրենց աշխատանքը, Ռուսաստանում աշխատող հարազատներից ավելի քիչ գումար են ստանում․․․Այս ամենը զգում են Հայաստանի բոլոր քաղաքացիները, ու, իհարկե, դրանից ավելի երջանիկ չեն դառնում։ Այլ հարց է, որ այս ամենը տեղի է ունենում մոտավորապես 2008 թվականի սկզբներից, երբ տնտեսության աճը գրեթե կանգնեց, ու համաշխարհային տնտեսական ճգնաժամից սկսած՝ անկումը շարունակվում է»,֊ ասել է Իսկանդարյանը։