«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Նոր տարին դիմավորելու են առանց ֆինանսական միջոցների ու որևէ հույսի: Այսօր գործարանի շուրջ 200 աշխատակիցներ հերթական անգամ նախագահական նստավայրի մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով վճարել 18 ամսվա աշխատավարձի պարտքը:
«Նաիրիտ» գործարանի աշխատողները նշում են, որ իրենց կրկին խաբել են․ ամսվա սկզբին կայացած ակցիաներից հետո վճարված 1 ամսվա աշխատավարձը 20.000 դրամով պակաս է եղել, բացի դա, դրամի արժեզրկման պայմաններում՝ ստացված գումարի գնողունակությունն է ընկել։
«Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի խոսքով՝ աշխատավարձ չեն ստացել այն աշխատակիցները, ովքեր նոյեմբերի դրությամբ աշխատանքից ազատված են եղել։
«Կառավարությունը, որը «Նաիրիտին» պարտք է 5 միլիարդ դրամ, 60 միլիոն չգտավ, որպեսզի այդ մարդիկ այսօր Նոր տարին դիմավորեն արժանապատիվ կերպով։ Երբ գործարանը 5-6 տարի աշխատել է, Կառավարությունը մեկ լումայի ներդրում էլ չի արել: Կառավարությունն իրավունք չունի ձեռքերը լվանալ, քանի որ Կառավարությունը «Նաիրիտի» բոլոր գործարքների մեջ մեծ լումա ունի: Բաներ կան, որ եթե Կառավարությունը աներ, «Նաիրիտը» էս վիճակում չէր լինի», – ասել է Հարությունյանը:
Վերջին անգամ «Նաիրիտի» աշխատողներին ընդունել էր վարչապետը և ասել, որ ավելին, քան մեկ ամսվա աշխատավարձ, որ ստանալու են հունվարին, խոստանալ չի կարող:
«Ամեն ինչի համար փող ունեն, մեզ համար ոչ: Միլիոններ են ծախսում հրապարակի տոնածառի վրա, լույսերի, մեր երեխաները Նոր տարուն մանդարին չեն ուտի»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ասում են գործարանը չի աշխատում, փող չունենք: Թող գան՝ ես ցույց տամ՝ ինչ գործ եմ անում ամեն օր»,- դժգոհել է գործարանի պահեստի աշխատողներից մեկը:
13։30-ի դրությամբ գործարանի աշխատողներին նախագահականում դեռևս չէին ընդունել: