Գլխավոր / Տեսանյութեր / 15 տարի՝ 3 մեղադրյալներին․ հրապարակվեց աղմկահարույց «բանդայի գործով» վճիռը

15 տարի՝ 3 մեղադրյալներին․ հրապարակվեց աղմկահարույց «բանդայի գործով» վճիռը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ հրապարակել է «բանդայի գործով» դատավճիռը։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հայատարարել է, որ գործում որպես բանդայի պարագլուխ անցնող Արտուշ Հակոբյանը, ինչպես նաև Դավիթ Գալստյանը (լուսանկարում) և Սամվել Դավթյանը դատապարտվում են 15 տարվա ազատազրկման, նրանցից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 1 միլիոն 410 հազար դրամ։ Ամբաստանյալ Արթուր Մանուկյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ առանց գումարի բռնագանձման։

Ինչպես Epress.am-ին հայտնել է Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, դատավճիռը բողոքարկվելու է բոլոր ամբաստանյալների կողմից։

«Այն, որ դատավճիռը որևէ տարբերակում չդրեց բանդայի պարագլխի և մյուսների միջև ու հավասար պատիժ սահմանեց, ևս վկայում է, որ դատարանը տարբերակման համար որևէ ապացույց չունի, և որ սա պատվեր է», ֊ ասել է Ոսկանյանը։

Դատարանի պատիժը նույնական էր դատախազի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ գործով անցնում էին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով 2011 թվականի սեպտեմբերին ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: Փաստաբանները պնդում են նաև, որ գործի քննությունն իրականացվում է բազմաթիվ խախտումներով։

Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նա նամակ էր գրել, որտեղ պատմել էր, որ իրեն ոստիկանությունում ծեծել են 4 դիմակավորված անձիք՝ ցուցմունք կորզելու նպատակով։ 

Խոշտանգումների մասին դատարանում մանրամասն պատմել են նաև մյուս ամբաստանյալները։