Աշխարհում որևէ այլ տեղ մամուլն այնքան ազատ չէ, որքան Թուրքիայում: Դեկտեմբերի 26֊ին Անկարայում կայացած սիմպոզիումի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հերքելով երկրում լրագրողների վրա ճնշումների հետ կապված մեղադրանքները, հայտնում է Today's Zaman կայքը:
Մեկնաբանելով Թուրքիայում լրագրողների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ քննադատությունը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիայում մի խումբ լրագրողներ ներգրավված են ահաբեկչության, անգամ սպանության մեջ․ «Նրանք ձերբակալվել են անօրինական կազմակերպության սատարելու համար»։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ձերբակալվածներից մեկը՝ «Սամանյոլու TV» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Հիդայեթ Կարաջան, պատկանում է այն լրագրողների թվին, որոնք օգնել են ձևավորել «ապօրինի կազմակերպություն, որը ներկայանում է որպես օրինական»։ Էրդողանը խոստացել է, որ կձերբակալվեն նաև մեղավոր մյուս լրագրողները։
Թուրքիայի նշանավոր մտավորականների և գրողների կողմից հրապարակված՝ լրագրողների դեմ գործողությունները դատապարտող մանիֆեստին ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է․ «Հարգելի մտավորականներ, ի՞նչ է՝ լրագրողները հանցանքներ չե՞ն գործում։ Եթե գործում են, պիտի պատժվեն։ Լրագրողները միայն գրիչներ չեն բռնում, կարող են նաև զենք բռնել»։
Էրդողանը նշել է, որ ներկայումս Թուրքիայում կա միայն յոթ կալանավորված լրագրող։ «Այդ լրագրողները Թուրքիայի դեմ քարոզչություն են իրականացնում։ Կարող եմ վստահորեն ասել, որ աշխարհում որևէ այլ տեղ մամուլն այնքան ազատ չէ, որքան Թուրքիայում։ Մամուլն այնքան ազատ է, որ [Թուրքիայում լրագրողներն] իրենց այնպիսի գործողություններ են թույլ տալիս, որոնք անգամ ժողովրդավարական երկրներում չեն հանդուրժի: Ես անձամբ դա զգացել եմ, ընտանիքս զգացել է։ Ընտանիքիս անդամներին ուղղված վիրավորանքները չէին հանդուրժի նույնիսկ ԱՄՆ֊ում և ԵՄ երկրներում»,֊ ասել է Էրդողանը։