Այսօր Վերաքննիչ դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վերաքննիչ բողոքով առաջին դատական նիստը ժամը 14.00-ի փոխարեն մեկնարկել է 13.00֊ին։ Նիստը մեկ ժամ շուտ սկսելու որոշումը դատարանը որևէ կերպ չի բացատրել, թեև դա ազդել է լրագրողների աշխատանքի վրա, ինչպես նաև անհնար է դարձրել նույն դահլիճում այս նիստին նախորդող գործիով դատական նիստի անցկացումը։
Դատարանը, խորհրդակցելով կողմերի հետ, որոշել է նիստը գումարել պաշտպաններից Արա Ղազարյանի բացակայությամբ։ Երբ Արա Ղազարյանի պաշտպանյալներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանը, խոսքի իրավունք է խնդրել, դատարանը նրան ձայն չի տվել և հետաձգել դատական նիստը։ Պատճառաբանությունն այն էր, որ առաջինը պետք է խոսի պաշտպանը, քանի որ նա է բերել վերաքննիչ բողոքը։ Հովհաննիսյանն ասել է, որ իր հայտարարությունը շտապ է և ինքը պատրաստ է հրաժարվել պաշտպանից։ Դատարանն ընդունել է նրա` պաշտպանից ազատվելու միջնորդությունը, սակայն միևնույն է` խոսքի իրավունք չի տվել։
Հայտարարությամբ հանդես գալու խնդրանքով դատարանին է դիմել նաև Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը։ Նա հասցրել է ասել, որ նախագահից և ԱԱԾ-ից պահանջում է պաշտպանել իր և իր մոր անվտանգությունն ու անդորրը, սակայն նրան դատարանը ևս ընդհատել է։
Դատական նիստը հետաձգվել է մինչև 2015 թվականի հունվարի 16-ը։
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին ասել է, որ իրենք ակնկալիքներ չունեն Վերաքննիչից, և եթե վճիռը փոփոխվի, դա կլինի միայն քաղաքական որոշման դեպքում։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը և նրա քաղբանտարկյալ ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր են ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Ամբաստանյալները դատապարտվել են մինչև 8 տարվա ազատազրկման։