«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Նենադ Պեժիչը (լուսանկարում) դատապարտել է Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից ռադիոկայանի Բաքվի գրասենյակում երեկ՝ դեկտեմբերի 26֊ին, իրականացված խուզարկությունը՝ այն անվանելով «Ադրբեջանի իշխանությունների վրեժ»։
««Ազատության» Բաքվի գրասենյակի վրա հարձակումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։ Երկրի ղեկավարության հրամանով իրականացված այս քայլը «Ազատությանը» լռեցնելու, անկախ լրագրողի (նկատի ունի Հադիջա Իսմայլովային ֊ Epress.am) համար վրեժխնդիր լինելու հերթական հանցավոր փորձն է։
Ադրբեջանում գործող ռեժիմը բազմիցս փորձել է լռեցնել մեզ: Բայց միևնույն է, «Ազատություն» ռադիոկայանը, որն ստեղծվել է ադրբեջանցիների ազատ տեղեկություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով, երբեք չի դադարեցրել իր գործունեությունն ու հետագայում էլ շարունակելու է Ադրբեջանի ժողովրդին անկախ տեղեկություն հաղորդել»,֊ ասել է Պեժիչը։
Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները երեկ առավոտյան ներխուժել էին «Ազատություն» ռ/կ֊ի Բաքվի գրասենյակ խուզարկություն իրականացնելու նպատակով։
Ժամեր տևած խուզարկությունից հետո դատախազության աշխատակիցները կնքել են ռադիոկայանի գրասենյակի դռները: Ոստիկանները կոտրել են գրասենյակի չհրկիզվող պահարանն ու առգրավել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ֆինանսական, ինչպես նաև գրասենյակի կնիքը։ Ոստիկանները տարել են նաև բոլոր էլեկտրոնային կրիչները, հիշողության քարտերը, տեսախցիկներն ու լուսանկարչական սարքերը: