Հունվարի 11-ի երեկոյան փակվել և այժմ էլ փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը, հայտնում է Aravot.am-ը։ Կայքի փոխանցմամբ՝ Բաղանիսի և Ոսկեպարի տարածքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հսկողություն են իրականացնում:
Երթևեկությունը կատարվում է շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը Aravot.am֊ին հայտնել է, որ երեկ երեկոյան ադրբեջանցիների գնդակոծությունից վնասվել է գյուղի երկու առանձնատուն: Գնդակները վնասել են պատերը, պատուհանների շրջանակները, ջարդել դրանց ապակիները:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտնել էր, որ Բաղանիս գյուղի հատվածում երեկ դիվերսիոն առաջխաղացում է կասեցվել, որի հետևանքով սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող։
Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացվել են, իսկ հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել է միջդիրքային տարածքում:
Փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող 79-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:
Այսօր Արծրուն Հովհաննիսյանը Epress.am-ին հայտնել է, որ հայկական կողմը թույլատրել է ադրբեջանցիներին միջդիրքային տարածքից հանել դիակը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դերգյահլին ադրբեջանական ԶԼՄ֊ների հետ զրույցում հերքել էր զոհված ադրբեջանցի զինծառայողի մասին տեղեկատվությունը։