Կառավարության աշխատակից, մի քանի քաղաքացիների կողմից վաշխառության մեջ մեղադրվող Նունե Պլուզյանը հեռացվել է աշխատանքից: Այս մասին Epress.am-ին ասել է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հաստատել է այս տեղեկությունը: Այն հարցին, թե ինչու է Պլուզյանը հեռացվել՝ Պողոսյանը պատասխանել է, որ Կառավարությունում որոշ հաստիքներ են կրճատվել:
Նախորդ տարվա վերջին քաղաքացի Սիրանույշ Չփլախյանը մի քանի անգամ բողոքի ակցիա է անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ պնդելով, որ Պլուզյանն իրեն տոկոսով 21 000 դոլար է տվել, ստիպել կնքել տան առքուվաճառքի պայմանագիր և այժմ փորձում է տիրանալ իր անշարժ գույքին: Տուժած ընտանիքը սպառնում էր, որ եթե հարցին լուծում չտրվի և իրենք տանից զրկվեն, վրաններով բողոքի ակցիա կանցկացնեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան դիմաց: Այդ հայտարարությունից հետո, սակայն, վարչապետի հանձնարարությամբ Կառավարության աշխատակիցներից մեկը հանդիպել է Չփլախյանին և նրա քրոջը, լսել նրանց պահանջները:
Գործարքից տուժել էր նաև Չփլախյանի քույրը, ով առքուվաճառքի մասին պայմանագիրը նույնիսկ չէր ստորագրել: Քույրերի մոր մահից հետո դատարանը ժամանակ չի տրամադրել ժառանգության հարցը լուծելու համար և միանգամից որոշում է ընդունել Պլուզյանի օգտին: Սիրանույշ Չփլախյանը նշում էր, որ դատարանը կարող է ուղղորդված լինել, քանի որ Պլուզյանն իրեն ասել է, թե կապեր ունի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես, նախարարների հետ։
Բողոքող կինը ևս մեկ խախտման մասին էր խոսել՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանն իրենց բողոքը սկզբում վարույթ է ընդունել, սակայն հետագայում իրենց համար անսպասելիորեն հայտարարել է, որ գործը վարույթ չի ընդունում: Դա հնարավորություն կտար Պլուզյանին դիմել ԴԱՀԿ և քույրերին վտարել տներից։