հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վիլեն Գաբրելյանին ծեծելու գործը հետաքննվում է. ոստիկանություն

Վիլեն Գաբրելյանին ծեծելու գործը հետաքննվում է. ոստիկանություն

Հունվարի 17-ին երեկոյան դիմակավորված անձանց կողմից քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին (սոցցանցում հայտնի է որպես Նավակ Ճոճողը) ծեծելու փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնի բաժնում կատարվում է հետաքննություն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը:

Գաբրիելյանին ծեծի ենթարկելու վայրում՝ Ամիրյան փողոցի վրա գտնվող Չարենցի անվան դպրոցի մոտ, տեսախցիկներ են տեղադրված եղել:

Հիշեցնենք, որ Գաբրիելյանին ծեծել են 4 դիմակավորված անձիք: Վերջին օրերին Գաբրիելյանը «Ֆեյսբուքում» ակտիվորեն մեկնաբանում էր Գյումրիի դեպքերը՝ քննադատելով իշխանությունների գործողությունները: Հունվարի 15-ին նա եղել է Գյումրիում, որտեղ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ՀՀ իրավասու մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Նույն օրը «Ֆեյսբուքում» օգտատեր Արթուր Կիրակոսյանը սպառնացել և հայհոյել է Գաբրիելյանին՝ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վիրավորելու համար:

Ակտիվիստի դեմ արված բռնությունը դատապարտող հայտարարություն է տարածել Ժառանգություն կուսակցությունը:

«Հաշվի առնելով Վիլեն Գաբրիելյանի քաղաքական-քաղաքացիական ակտիվ գործունեությունը, նրա սուր քննադատությունը իշխանությունների նկատմամբ, նկատի ունենալով, որ վերջին շրջանում շղթայական շարունակականությամբ ծեծի են ենթարկվում քաղաքացիական և քաղաքական ու ռազմական գործիչները, հաստատելով, որ մինչ օրս վերոշարադրյալ եւ նախկինում կատարված ոչ մի նմանատիպ դեպքի բացահայտման նախադեպ չունենք, համարում ենք, որ կատարվածները իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հաշվեհարդար են այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների և ամենաթողության»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ: 

Ավելի վաղ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ասել էր․ «Իմ համար հստակ է, որ [ծեծի] պատվիրաատուն իշխանություններն են, Գասպարյան Վովան և Երանոսյան Լևոնը: Ես կասկած չունեմ, որ հեղինակը նրանք են. դա երևում է թե ձեռագրից, թե իրականացման ձևից»։