հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրիի գործը ռուսներին հանձնելուց հետո Հայաստանը փորձում է ՌԴ֊ից տեղափոխել դատապարտված վարորդին

Գյումրիի գործը ռուսներին հանձնելուց հետո Հայաստանը փորձում է ՌԴ֊ից տեղափոխել դատապարտված վարորդին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին, և տեղեկացրել, որ հայկական կողմը փորձում է Հարությունյանին տեղափոխել Հայաստան, ինչը, սակայն, երկարատև գործընթաց է։ Այս մասին հաղորդում է Արդարադատության նախարարության կայքը։

«Նախարարությունը սահմանված կարգով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցի լուծման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպական կոնվենցիայով նախատեսված փաստաթղթերը»,֊ ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

ՌԴ արդարադատության նախարարությունից պատասխան դեր չի ստացվել։

Նախարար Մանուկյանը հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում: Նախարարը հավելել է, որ անհրաժեշտ է պարզել Ռուսաստանից Հրաչյա Հարությունյանի տեղափոխման հնարավոր խոչընդոտները. մասնավորապես, արդյո՞ք վերջինիս դեմ չկան բավարարված քաղաքացիական հայցեր, որոնց առկայության դեպքում Հայաստանից լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ կպահանջվեն։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին ռուսաստանյան Պոդոլսկ քաղաքի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել է: Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման:

Հրաչյա Հարությունյանի անունը վերջին օրերին հաճախ է շրջանառվում մամուլում և սոցցանցերում՝ Գյումրիի սպանության գործը ռուսական կողմին հանձնելու համատեքստում։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի թղթակից Յուլիա Լատինինան, անդրադառնալով Գյումրիի դեպքին, մասնավորապես, գրել է․ «Նմանատիպ իրավիճակ էր, երբ Պոդոլսկի մոտ հայաստանցի վարորդի մասնակցությամբ տեղի ունեցավ ՃՏՊ ու բազմաթիվ մարդիկ զոհվեցին։ Այն ժամանակ Ռուսաստանի տարածքում հանցանք գործած այդ հայաստանցուն ոչ ոք չհանձնեց Հայաստանին, որպեսզի այնտեղ դատեն»։