Երևանի Աբելյան փողոցում նախորեին տեղի ունեցած սպանության գործով հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով, և կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում կատարելով ՀՀ քննչական կոմիտեին:
Հունվարի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել էր Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած ծակած վերքերով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ նշված շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասից մինչև 3-րդ հարկ և 33-րդ բնակարան հայտնաբերվել են արնանման հետքեր:
Նշված բնակարան սպանվածը գնացել էր իր ծանոթ աղջկան գտնելու նպատակով։ Սպանվածը չի իմացել, թե աղջիկը կոնկրետ որ բնակարանում է ապրում, հարցուփորձ է արել բնակիչների շրջանում:
Հարցուփորձի ժամանակ վիճաբանություն է առաջացել Դալլաքյանի և 33-րդ բնակարանի բնակչի միջև, այդ ժամանակ էլ վերջինս դանակով հարվածներ է հասցրել նրան: