Home / Հայաստան / Երևանում ու Ստամբուլում հիշում են Հրանտ Դինքին

Երևանում ու Ստամբուլում հիշում են Հրանտ Դինքին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» երեկ՝ հունվարի 18֊ին, թուրքահայ մտավորական, Ստամբուլում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի երթ է անցկացրել Ստամբուլի Շիշլի թաղամասում, որտեղ տեղակայված է «Ակօս»֊ի խմբագրության գրասենյակը։

«Ակօս» պարբերականի փոխանցմամբ՝ երթին մասնակցել է շուրջ 50 մարդ, ովքեր իրենց հետ ունեցել են մի շարք պաստառներ՝ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ», «Քուրդ, թուրք, հայ․ կեցցե ժողովուրդների եղբայրությունը» գրառումներով։

Դինքի հիշատակին նվիրված մեկ այլ միջոցառում տեղի է ունեցել նրա գերեզմանի մոտ, որը գտնվում է Բալըքլը հայկական գերեզմանատանը։ Միջոցառման մասնակիցների թվում են եղել Դինքի ընտանիքի անդամները, նրա ընկերներն ու համախոհները, ինչպես նաև` հայ հոգևորականներ։ Ներկաների շարքում է եղել նաև «Ժողովրդա֊հանրապետական կուսակցության» պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, ով խոսել է Դինքի սպանության գործում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» պատասխանատվության մասին։

Մի շարք ակցիաներ են իրականացվելու նաև այսօր՝ հունվարի 19֊ին։ Ժամը 13։30֊ին տեղի է ունենալու քայլերթ Թաքսիմի հրապարակից դեպի «Ակօս»֊ի գրասենյակ, որին մասնակցելու են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներ Ֆիգեն Յուքսեքդաղն ու Սելահեթթին Դեմիրթաշը։

Հունվարի 17-ին տասնյակից ավելի քաղաքացիներ հավաքվել էին Երևանում՝ Թամանյանի արձանի մոտ, իրենց զորակցությունը հայտնելու Հրանտ Դինքի ընտանիքին և հիշատակելու Դինքի թողած ժառանգությունը՝ բարձրացնելով «Հոս ենք, ախբարիկ» (Այստեղ ենք, եղբայր) գրությամբ պաստառ:

2dink

Այսօր Երևանում տեղի է ունենալու Հրանտ Դինքի հիշատակին նվիրված առաջին հանրային միջոցառումը, որը կազմակերպվել է Հայաստանում Հրանտ Դինքի ընկերների կողմից։ Մասնակիցները ժամը 17։00֊ին հավաքվելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղից էլ լուռ քայլերթ են իրականացնելու դեպի Օպերա:

Հրանտ Դինքն սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից։ Սամասթը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել։

2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։ 

Օրեր առաջ Ստամբուլի դատարանը Տրապիզոնի ոստիկանության պետի տեղակալ Օզքուն Մումջուի և ոստիկան Մյուհիթին Զենիթի ձերբակալության հրաման է արձակել՝ Դինքի սպանության քննության ժամանակ անփություն ցուցաբերելու մեղադրանքով։ ԶԼՄ֊ներում հայտնվել է Զենիթի և Տրապիզոնի ոստիկանության իրազեկիչ Էրհան Թունջելի միջև հեռախոսազրույցի ձայնագրություն, համաձայն որի՝ Զենիթը նախապես տեղյակ էր Դինքին սպանելու դավադրության մասին։