Այսօր նախագահական նստավայրի դիմաց մարդաշատ է․ բողոքի ակցիայի են դուրս եկել մի քանի խմբեր: Հավաքվածների մեծ մասը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներ են: Նրանց վերջին անգամ ընդունել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ դեկտեմբերի 29-ին: Ինչպես Epress.am-ին հայտնել է «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, հանդիպմանը նա ասել էր, որ մինչև հունվարի 20-ը նաիրիտցիները կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Այսօր հունվարի 20-ն է, սակայն աշխատավարձ չկա: Նախագահական նստավայրից խոստացել են ընդունել նաիրիտցիների պատվիրակությանը:
Ակցիա անցկացնող մյուս խումբը դատապարտված Աշոտ Առուշանյանի հարազատներն են: Երիտասարդի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, Epress.am-ին հայտնել է, որ այս անգամ Առուշանյաններն անժամկետ հացադուլ են անում ողջ գերդաստանով: Նախագահականի մոտ հացադուլին մասնակցում են երիտասարդի մայրը, հայրը, հորեղբայրը, հորաքույրները, մորաքույրը և այլ հարազատներ:
Հիշեցնենք, որ Առուշանյանի դեմ առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչում անփոփոխ է մնացել: Առուշանյանը մեղավոր է ճանաչվել «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամի հափշտակություն կատարելու մեջ: Կողմը դիմել է Վճռաբեկ դատարան: Նախագահից հացադուլավորները պահանջում են անձամբ հետևել, որպեսզի գործով զբաղվող քննիչ Մուշեղ Ալեքսանյանի և դատախազ Տիտալ Ուզոյանի դեմ քրեական գործը արդար քննվի: