«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը երրորդ անգամ դիմել է Վաղաժամ պայմանական ազատման հանձնաժողով: Նրա հարցը քննարկվելու է հունվարի 30-ին կայանալիք նիստին:
Հակոբյանը պնդում է, որ իր դիմումները նախորդ երկու դեպքում մերժել են, քանի որ ինքը հայտարարել է ՔԿՀ-ներում կոռուպցիայի մասին: Հակոբյանի կինը՝ Հայաստան Հակոբյանը, բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին, ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով չմերժել վաղաժամ ազատման մասին դիմումը։
Կինն ընդգծում է, որ ազատման համար առկա են բոլոր հիմքերը և հիշեցնում, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները մշտապես կոչ են անում պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն դրա դեմ պայքարող դատապարտյալը ճնշումների և բռնությունների է ենթարկվում բանտի ղեկավարության կողմից:
«Ամուսինս պատժի կրման ընթացքում բազմաթիվ ապօրինությունների և անօրինականությունների մասին է բարձրաձայնել, ինչպես նաև 2 բարձրաստիճան ՔԿ ծառայակիցների կաշառակերության դեպքեր է բացահայտել: Արտակի հաղորդման հիման վրա կալանավորվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ գծով պետի տեղակալ Դավիթ Կառլոսի Մուրադյանը և դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Պաշտոնյաների բազմաթիվ ապօրինությունների դեմ պայքարելով՝ ամուսինս գնացել է տարբեր ինքնավնասումների. կարել է աչքերը և բերանը, մեխել ոտքերը, որպեսզի ձայնը լսելի դառնա գերատեսչություններին, սակայն պաշտոնյաները, գիտակցելով, որ իրենք են դրդում ինքնասպանման, հացադուլի և ջրադուլի, որի համար կարող էին դատապարտվել, միշտ խաբելով համոզել են, որ հացադուլից և ջրադուլից դուրս գա: Արտակին 4 ամիս անմարդկային պայմաններում պահեցին, «Արթիկ» ՔԿՀ-ի պատժախցում կիսամարդ դարձրեցին, որից հետո բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերեց, ինչպես նաև վիրահատությունների ենթարկվեց: Այդ ամեն պատվերը կատարում էր Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության մայոր Աղասի Խաչատրյանը, ում այժմ այդ դեպքի հետ կապված «Արթիկ» ՔԿՀ-ից պաշտոնի իջեցմամբ տեղափոխեցին Արմավիր ՔԿՀ այլ աշխատանքի»,- գրել է Հայաստան Հակոբյանը:
Հակոբյանը խուլիգանության հոդվածով դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, որից 4 տարի և 3 ամիս նա արդեն անցկացրել է բանտում: 2013 թվականին Հակոբյանի պատիժը կրճատվել է 1 տարով: Եթե Հակոբյանի դիմումը մերժեն, նա 2 ամիս էլ կանցկացնի բանտում։