Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած՝ «Ազատությունն աշխարհում 2015» ամենամյա զեկույցում Հայաստանը հայտնվել է «մասնակի ազատ» երկրների շարքում։
Զեկույցը գնահատում է ազատության մակարդակը 195 պետություններում ու 15 տարածքներում 2014 թվականին՝ դրանք դասակարգելով երեք անվանակարգերում՝ «ազատ», «մասնակի ազատ», «ոչ ազատ»։ Հաշվի են առնվում պետությունների ստացած միավորները «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշներով։ Միավորների սանդղակը 1֊ից 7 է, որտեղ 1֊ը ազատության առավելագույն մակարդակն է, 7֊ը՝ նվազագույնը։
Հայաստանը «քաղաքական իրավունքներ» ցուցիչով ստացել է 5 միավոր, իսկ «քաղաքացիական ազատություններ» ցուցիչով՝ 4։ «Մասնակի ազատ» երկրների թվում է նաև Լեռնային Ղարաբաղը, որը երկու ցուցիչներով ստացել է 5 միավոր` առաջ անցնելով 6 միավորով «ոչ ազատ» ճանաչված Ադրբեջանից ու Ռուսաստանից։ Զեկույցի համաձայն՝ «մասնակի ազատ» են նաև Ուկրաինան, Թուրքիան, Վրաստանն ու Ղրղզստանը:
«Ոչ ազատ» պետությունների շարքում են հայտնվել նաև Բելառուսը, Ղազախստանը, Իրանը։ Փաստորեն, ԵՏՄ կազմի մեջ մտնող երկրներից (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան) «մասնակի ազատ» է միայն Հայաստանը։
Ըստ զեկույցի հեղինակների՝ 2014֊ը հետընթացի տարի է եղել ժողովրդավարության մակարդակի պահպանման առումով։ Օրինակ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կործանիչ հարված է հասցրել ժողովրդավարությանը 2014֊ին։ Freedom House֊ն ընդգծում է, որ աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում ավելացել են ավտորիտար ռեժիմների ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև՝ ահաբեկչությունների թիվը՝ անտեսելով ժողովրդավարական չափանիշները։ Մասնավորապես, ըստ կազմակերպության, Ժողովրդավարության ու մարդու իրավունքների մակարդակի կտրուկ անկում է գրանցվել Ադրբեջանում։
Ադրբեջանի նախագահին ավտոկրատ անվանելով՝ զեկույցի հեղինակները նշում են, որ երկրի իշխանությունները տարիներ շարունակ իրականացնում են հարձակումներ անկախ մամուլի ու քաղաքացիական հասարակության դեմ՝ ձերբակալելով, ֆիզիկական բռնության ենթարկելով լրագրողների ու իրավապաշտպանների։
«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում տարեցտարի վատթարանում է քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների հետ կապված իրավիճակը, երկրին հաջողվում է խուսափել ժողովրդավարական աշխարհի քննադատությունից՝ էներգակիրների առատության ու անվտանգության ոլորտում համագործակցության շնորհիվ»,֊ ասված է զեկույցի մեջ։
Ընդհանուր առմամբ, 195 երկրներից «ազատ» է ճանաչվել 89-ը, «մասնակի ազատ»՝ 55-ը, «ոչ ազատ»՝ 51-ը:
Լուսանկարում՝ զեկույցի շապիկը