Կոնֆլիկտաբան Արտակ Այունցը, քաղաքագետ Միքայել Զոլյանը և պատմաբան Տիգրան Զաքարյանը ներկայացնում են «Ղարաբաղյան հակամարտության տրանսֆորմացիայի հեռանկարները» վերլուծական համառոտագիրը, որը պատրաստվել է Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի (Օսլո) աջակցությամբ 2014 թվականի գարնան և ամռան ամիսներին Հայաստանում անցկացված փաստաթղթերի վերլուծության, փորձագիտական հարցման և ֆոկուս-խմբերի քննարկումների արդյունքում հավաքած տվյալների հիման վրա:
Վերլուծական համառոտագիր
Հայաստանում և Ադրբեջանում ոչ-ժողովրդավարական քաղաքական ռեժիմները չունեն ներկայիս «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակը փոխելու իրական շարժառիթներ: Ներկա ստատուս-քվոն օգնում է քաղաքական վերնախավերին պահպանելու իրենց իշխանությունը, մինչդեռ այդ նույն ստատուս-քվոն փոփոխելու հետ կապված քաղաքական ռիսկերը նրանց համար չափազանց բարձր են:
Միաժամանակ, իշխող վերնախավերը հակամարտության ռազմական լուծման դրդապատճառներ նույնպես չունեն (համենայն դեպս` մոտ ապագայում), քանի որ այն կարող է կապված լինել լուրջ ռիսկերի հետ, իսկ օգուտները կարող են լինել շատ աննշան: Այդուհանդերձ, իրավիճակի սրման հավանականություն, իհարկե, կա` նկատի ունենալով կողմերի փոխադարձ անվստահությունն ու սահմանային միաջադեպերի հաճախականացումը սեփական շահերին ծառայեցնելու իշխանությունների փորձերը:
Մի իրավիճակում, որտեղ քաղաքական վերնախավերը գրեթե շահագրգռված չեն հակամարտության խաղաղ կարգավորմամբ, քաղաքացիական հասարակությունն է ստանձնում հակամարտության կողմերի միջև տրանսֆորմացիայի մեխանիզմների միջոցով թշնամությունը մեղմելու և երկարատև խաղաղության հաստատման նախադրյալներ ստեղծելու նախաձեռնությունները:
Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հեռանկարը
2014թ. ղարաբաղյան հակարամարտությունը թևակոխեց փխրուն զինադադարի 20-րդ տարելիցը: Մշտական լուծման բացակայությունն այս տարիների ընթացքում միայն խորացրել է հակամարտող կողմերի փոխադարձ ատելությունը, բացասական կարծրատիպերը և պատերազմական հռետորաբանությունը: Իսկ 2014թ. հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին կողմերի միջև տեղի ունեցան 1994թ. զինադադարից ի վեր ամենալուրջ բախումները, որոնք խլեցին տասնյակ կյանքեր:
Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը պահպանելուն նպաստող կարևորագույն գործոններից է հակառակորդ կողմի նկատմամբ բացասական կարծրատիպերի քարոզումը ԶԼՄ-ներով և այլ միջոցներով, որոնք իշխող ռեժիմները պահում են իրենց վերահսկողության տակ: Կովկասյան բարոմետրի տվյալների համաձայն Հայաստանի և Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը դիտում է մյուս կողմին իբրև իրենց երկրի հիմնական թշնամի։
Չլուծված հակամարտությունը կողմերի քաղաքական վերնախավերը հաճախ օգտագործում են իրենց իշխանությունը լեգիտիմացնելու համար, ինչպես նաև իրենց աջակիցներին համախմբելու, իսկ ընդդիմախոսներին մարգինալացնելու համար` դրանով իսկ չեզոքացնելով ժողովրդավարացմանն ուղղված բոլոր գործընթացները: Իշխող վերնախավերը, այսպիսով, չունեն հակամարտության լուծումներ փնտրելու իրական շարժառիթներ, քանի որ ներկա ստատուս քվոն ծառայում է իրենց իշխանությունն ամրապնդելու գործին: Այս պայմաններում, երբ հակամարտության մոտալուտ լուծումը քիչ հավանական է, անհրաժեշտ է դառնում անդրադառնալ հակամարտության տրանսֆորմացիային՝ որպես հակամարտության երկարատև լուծման անհրաժեշտ միջոցի: Նկատի ունենալով, որ վերնախավերը գրեթե որևէ քաղաքական շարժառիթներ չունեն նպաստելու այս գործընթացին՝ այս հարցում խիստ մեծանում է քաղաքացիական հասարակության դերը։ Քաղաքացիական հասարակության ջանքերով իրականացվող ժողովրդական դիվանագիտության (Track Two) նախաձեռնությունների շնորհիվ է, որ հնարավոր է նպաստել հակամարտության տրանսֆորմացիային ներկա պայմաններում՝ ի վերջո հաստատելով երկարատև խաղաղություն տարածաշրջանում:
Հնարավո՞ր է արդյոք ավտորիտար խաղաղությունը
Ներկա իրավիճակում, երբ հակամարտության լուծումը ձգձգվում է տարբեր պատճառներով, այդ թվում՝ ավտորիտար համակարգերի առկայության պայմաններում թշնամու կերպարի խորացման արդյունքում, միայն հակամարտության տրանսֆորմացիան կարող է նպաստել հակառակորդների միջև ապագա խաղաղության հաստատմանը:
Հակամարտության տրանսֆորմացիան համեմատաբար նոր մոտեցում է հակամարտությունների հանգուցալուծման ասպարեզում: Այն կարող է տեղի ունենալ առնվազն չորս տարբեր եղանակներով, որոնք են` առաջնորդների, հիմնախնդիրների, խաղի կանոնների և փոխհարաբերությունների տրանսֆորմացիայի միջոցով: Քանի որ առաջնորդների, հիմնախնդիրների և խաղի կանոնների տրանսֆորմացիաները պահանջում են զգալի ջանքեր կողմերի քաղաքական ղեկավարությունից, որոնք այսօր պատրաստ չեն վտանգել սեփական քաղաքական կապիտալը, ղարաբաղյան հակամարտությունում հնարավոր միակ կիրառելի տարբերակը հարաբերությունների տրանսֆորմացիան է: Վերջինս՝ իբրև հակամարտության տրանսֆորմացիայի հիմնարար տարր, առանձնանում է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման և երկարատև խաղաղության հաստատման հարցում: Հարաբերությունների տրանսֆորմացիայի միջոցով խաղաղության հաստատումը հետ–հակամարտության օրակարգի խնդիր չէ լոկ. այն շատ ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է հակամարտության տրանսֆորմացիային նպաստող գործողություններ և մոտեցումներ: Խաղաղության հաստատումը ենթադրում է գործողություններ ինչպես խաղաղության պայմանագրից առաջ, այնպես էլ դրանից հետո: Խաղաղությունը դինամիկ գործընթաց է, որը պահանջում է անխոնջ ջանքեր, որոնք ուղղված կլինեն հակամարտության կողմերի միջև հարաբերությունների և վստահության վերականգնմանը:
Ի՞նչ կարելի է անել
Դժվար է ակնկալել, որ հակամարտող կողմերի ներկայիս քաղաքական ռեժիմները պատրաստ են լայնամասշտաբ պատերազմի: Այդուհանդերձ, իրավիճակի ոչ միտումնավոր սրումը նույնպես չի կարելի բացառել: Միաժամանակ, փոխզիջումների գնալը, ինչը հակամարտության լուծմանն ուղղված որևէ նշանակալից քայլի համար անհրաժեշտ բաղադրատարր է, կապված է լուրջ ներքին և արտաքին ռիսկերի հետ: Մխիթարականն այն է, որ, այնուամենայնիվ, հակամարտող կողմերի իշխող վերնախավերը նույնանման պատճառներով շահագրգռված չեն լինի վերսկսելու լայնամասշտաբ առճակատումը, քանի որ դա նույնպես կապված է լուրջ ռիսկերի հետ:
Երկարատև խաղաղությունը պետք է հաստատվի ոչ միայն պաշտոնական ստորագրություններով, այլ խաղաղություն և վստահության մթնոլորտ կերտող քաղաքացիների մասնակցությամբ: Հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է հակամարտության հոգեբանական կողմերը վերհանելու պայմաններ ստեղծել: Եթե հակամարտող կողմերի քաղաքական վերնախավերը պատրաստ չեն խաղաղության համար ճանապարհ հարթող փոխզիջումների, այլ առաջնորդներ պետք է իրենց վրա վերցնեն ներքևից–վերև (bottom-up) գործողություններով հակամարտության տրանսֆորմացիայի համար պատասխանատվությունը: Առանց հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերություններում թշնամության հաղթահարման՝ հակամարտությունը կշարունակի ուժեղացնել հակադիր կողմնորոշումները և պահպանել «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակը:
Այստեղ է, որ ժողովրդական դիվանագիտությունը կարող է օգտակար լինել մարդկանց կողմնորոշումների և վարքային տրանսֆորմացիայի համար` թե′ անձնական, թե′ խմբային մակարդակում։ Քաջալերող հանգամանք է այն, որ չնայած խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտների աճին, խաղաղության հաստատման գործընթացների մեջ ներգրավված քաղաքացիական հասարակության առաջնորդների մեծ մասը Հայաստանում լավատեսորեն են տրամադրված իրենց բռնած գործի հանդեպ: Ժողովրդական դիվանագիտության հիմնական ջանքերը պետք է կենտրոնանան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են.
֊ երիտասարդությանն ուղղված կրթական ծրագրերը` նպատակ ունենալով դիմակայել իշխող ատելության քարոզին հակամարտության բոլոր կողմերում,
֊ զինադադարը ամրապնդելուն ուղղված սահմանի բոլոր կողմերում վստահության ամրապնդման միջոցները, և
֊ ընդհանուր խնդիրների լուծումների որոնումը, որոնք վերաբերում են, օրինակ, շրջակա միջավայրին, տնտեսությանը կամ մարդկանց անվտանգությանը:
Եվ վերջապես, ղարաբաղյան հակամարտության տրանսֆորմացիայի կարևորագույն նախադրյալ է հասարակության ներքևից–վերև ճնշումը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման նպատակով, քանի որ հակամարտության տրանսֆորմացիային ուղղված բոլոր գործընթացները, ռազմավարություններն ու մոտեցումները կարող են լավագույնս կիրառվել միայն ժողովրդավարական հասարակություններում: Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հիմքը կարող է հանդիսանալ ընկալումը, որ ժողովրդավարական հասարակություններում բռնի հակամարտությունների ռիսկը նշանակալիորեն նվազում է, քանի որ ժողովրդավարությունները միմյանց դեմ չեն պատերազմում:
Ներկա փուլում ներքևից–վերև խաղաղարարական նախաձեռնությունները հակամարտության բոլոր կողմերի քաղաքացիական հասարակության առաջնորդներից պահանջում են խիզախություն և պատասխանատվություն: Թեև նման նախաձեռնությունների կարճաժամկետ ազդեցությունը կարող է ցածր լինել, այդուհանդերձ, դրանք մնում են հասարակությունների միջև կառուցողական երկխոսության միակ հնարավոր ճանապարհը: Իսկ երկարաժամկետ առումով, այս նախաձեռնությունները կարող են զգալի արդյունքներ ունենալ։
Առաջարկություններ
Իշխանություններին.
թուլացնել ռազմատենչ հռետորաբանությունը և զերծ մնալ լրատվամիջոցներում հակամարտության մյուս կողմի նկատմամբ ատելության քարոզչությունից: Մինչ կարճաժամկետ կտրվածքով այս հռետորաբանությունը/քարոզչությունը կարող է որոշակի օգուտներ բերել իշխանություններին, երկարաժամկետ առումով այն կհանգեցնի թշնամության խորացմանը` նպաստելով հակամարտության սրմանը, ինչը կարող է վնասակար լինել ոչ միայն հասարակություններին, այլև հենց իրենց՝ քաղաքական վերնախավերին:
Խաղաղարարությամբ զբաղվող տեղական առաջնորդներին.
հստակորեն ձևակերպել և ստեղծել խաղաղարարությանն ուղղված քաղաքացիական հասարակության օրակարգը՝ ընդլայնելով այն մարդկանց թիվը, որոնք կարող են և ցանկություն ունեն նպաստելու հակամարտության խաղաղ տրանսֆորմացիային, միևնույն ժամանակ խորացնելով փոխզիջումների միջոցով խաղաղ գոյակցության ցավոտ հարցերի քննարկման շրջանակները:
Միջազգային կազմակերպություններին/միջնորդներին.
նպաստել հակամարտության տրանսֆորմացիայի նախաձեռնությունների շուրջ կենտրոնացած քաղաքացիական հասարակությունների շփումներին և ժողովրդական դիվանագիտության ջանքերին` ուղղված երկարաժամկետ ազդեցություն ունեցող կրթական, հետազոտական և ուսուցողական ծրագրերին, ինչպես նաև երկխոսության հանդիպումներին, որոնք կապ են ապահովում հակամարտության բոլոր կողմերում գտնվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև` ի հեճուկս իշխանությունների հարուցած դժվարությունների: Քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ հալածանքների դեպքում օգտագործել բոլոր հնարավոր միջոցները ազդելու իշխանությունների վրա՝ թուլացնելու համար քաղաքացիական հասարակության երկխոսության փորձերի մասնակիցների նկատմամբ ճնշումները:
Միջազգային դոնորներին.
շարունակել ոչ–պաշտոնական դիվանագիտության նախաձեռնությունները, մասնավորապես, ներգրավելով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությանը: Նման աջակցությունը չպետք է դադարի անգամ այն դեպքերում, երբ իշխանությունները խոչընդոտներ են հարուցում երկխոսության գործում, ինչպես օրինակ` քաղաքացիական հասարակության աչքի ընկնող ներկայացուցիչների նկատմամբ հալածանքները, ֆինանսական վերահսկողության խստացումը և այլն: Այդուհանդերձ, երկխոսությանը միտված ծրագրերը կարող են, և պետք է ենթարկվեն բովանդակային փոփոխությունների, որպեսզի պաշտպանեն դրանց մասնակիցներին՝ ստեղծելով նոր, տարածաշրջանային հայ-ադրբեջանական երկխոսության պլատֆորմներ` որպես հարավկովկասյան տարածաշրջանային նախաձեռնությունների մաս: