Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների մի խումբ քաղաքացիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից պահանջում են անհապաղ դադարեցնել կրակն ու հարձակումները հայ-ադրբեջանական շփման գծում։ Խաղաղության կոչ պարունակող հայտարարությունն անցած շաբաթ օրը հրապարակվել է «Հակամարտությունների փոխակերպման «Իմեջին» կենտրոն»-ի կայքում։
Հայտարարության տակ ստորագրած տասնյակ քաղաքացիների թվում են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Մայքլ Լեմոնը և Ջոն Էվանսը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։
«Մենք պահանջում ենք, որ կողմերից մեկը՝ որպես բարի կամքի քայլ, միակողմանի կերպով դադարեցնի կրակը, իսկ մյուս կողը՝ հետևի նույն օրինակին։
Մահաթմա Գանդին ասել է․ «Ակն ընդ ականը բոլորին կկուրացնի»։ Դիպուկահարի կրակոցը՝ դիպուկահարի կրակոցին, հարձակումը՝ հարձակմանը ղարաբաղյան ճակատում կարող են միայն հանգեցնել մեծ թվով երիտասարդ հայերի և ադրբեջանցիների մահվան, վիրավորման ու հաշմանդամության։ Մի քանի մետր հողի կամ «ռազմավարական բարձունքների» գրավումը չարժեն երիտասարդների թարմ շիրիմներին ու նրանց հարազատների ու բարեկամների վշտին։
Ղարաբաղյան զինադադարը համաձայնեցվել ու ստորագրվել էր 1994 թվականի մայիսին։ 1995 թվականի փետրվարին կողմերը պայմանավորվեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման և այն վերահսկելու միջոցների շուրջ։ Սակայն տարեցտարի դա չկարողացավ կանխել տասնյակ զինծառայողների մահը։ Անցած շաբաթ մահացածներից շատերը ծնվել էին արդեն հրադադարից հետո։ Ակնհայտ է, որ հրադադարն ինքնին բավարար չէ, ու ստատուս քվոն շարունակում է վնասել հարյուր հազարավոր մարդկանց կյանքին։
Ուստի, մենք հակամարտության միջնորդներից ու կողմերից պահանջում ենք գտնել նոր իրավական ու գործնական բանաձև, որը կկարողանա վերջ տալ բռնությանը։ Հելսինկիում 2008 թվականին կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները կողմերին կոչ արեցին դիպուկահարներին հետ քաշել շփման գծից: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այս գաղափարն աջակցեց 2010 թվականին: Մենք ցավում ենք, որ այդ առաջարկը, որը կարող էր տասնյակ կյանքեր փրկել, այդպես էլ կյանքի չկոչվեց:
Մենք նաև կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, պետական ու մասնավոր ԶԼՄ-ներին պահպանել էթիկայի կանոները և մասնագիտական նորմերը հակամարտությունը քննարկելիս, հրաժարվել բռնության փառաբանումից ու կոչերից, ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրական քայլեր և իշխանություններից պահանջել դադարեցնել հակամարտության շիկացումն ու սկսել իրական բանակցային գործընթաց՝ խաղաղության հասնելու համար»: