Հայաստանը «հիբրիդային ռեժիմ» ունեցող պետությունների շարքին է դասվում։ Այս մասին են վկայում բրիտանական Economist Intelligence Unit֊ի (EIU) հրապարակած «Ժողովրդավարության ցուցիչ-2014» վարկանշային աղյուսակի տվյալները։
Ժողովրդավարության մակարդակով Հայաստանը բավական ցածր՝ 113֊րդ հորիզանականն է զբաղեցնում։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարձրացել է 1 տեղով, չնայած շարունակում է մնալ «ավտորիտար ռեժիմ» ունեցող երկրների սահմանագծին մոտ։ Նշենք, որ 116-րդ տեղը զբաղեցնող Մարոկոն արդեն իսկ ավտորիտար ռեժիմով երկիր է համարվում։
Հետազոտությանը մասնակցած 167 երկրները բաժանվում են 4 կարգի` լիակատար ժողովրդավարական, խնդրահարույց ժողովրդավարական, հիբրիդային ռեժիմով և ավտորիտար ռեժիմով երկրներ:
Երկրների ցուցիչը բաղկացած է 5 չափանիշներից՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ:
Հայաստանն ընտրական գործընթաց և բազմակարծություն չափանիշով ստացել է 4,33 միավոր 10 հնարավորից, քաղաքացիական ազատություններ՝ 5,88 միավոր, կառավարության գործունեություն՝ 2,86, քաղաքական մասնակցություն՝ 4,44, քաղաքական մշակույթ՝ 3,13։
Հայաստանի ընդհանուր միավորը 4,13 է:
Ըստ զեկույցի՝ «հիբրրիդային ռեժիմով» երկիր է նաև Վրաստանը, սակայն Հայաստանի հյուսիսային հարևանը 81-րդ տեղում է և մոտ է կանգնած խնդրահարույց ժողովրդավարական երկրների խմբին։ «Հիբրիդային ռեժիմով» երկրներ են նաև Ուկրաինան՝ 92֊րդ հորիզոնական, և Թուրքիան՝ 98֊րդ։
EIU-ի հետազոտությունների համաձայն` աշխարհում լիակատար ժողովրդավարական է 24 երկիր: Առաջին 5 տեղերում են Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան։
Ռուսաստանը, զբաղեցնելով աղյուսակի 132-րդ տեղը, գտնվում է «ավտորիտար ռեժիմ» ունեցող երկրների շարքում։ Ավտորիտար է նաև Ադրբեջանը՝ 148֊րդ հորիզոնական, Բելառուսը՝ 125֊րդ, Ղազախստանը՝ 137֊րդ, Իրանը՝ 158֊րդ։