Home / Հայաստան / Ախթալայի կոմբինատը նոր պոչամբար է կառուցում առանց բնակիչների կարծիքը հարցնելու

Ախթալայի կոմբինատը նոր պոչամբար է կառուցում առանց բնակիչների կարծիքը հարցնելու

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կից հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի սահմանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր պոչամբար կառուցելու համար: Ինչպես հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, դա արվել է առանց համայնքի բնակիչների կարծիքը հաշվի առնելու, առանց նրանց հետ քննարկումներ իրականացնելու:

2015թ․ հունվարի 29-ին Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանի առաջարկով կազմակերպել էր հանրային քննարկում՝ պոչամբարի կառուցման նպատակով հողի հատկացման վերաբերյալ: Ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել է Դուրգարյանը, կառավարության որոշումների վերաբերյալ որևէ իրազեկում չի իրականացվել, իսկ ընդունված որոշումները արդյոք օրինական են, թե ոչ, ստուգված են արդյոք իրավական և սոցիալական կողմերը` պարզ չէ: Դուրգարյանը նշել է, որ ավագանին միայն տեղեկացվել է, որ պետք է նիստ գումարի և որոշում կայացնի հողերի կարգի փոփոխման վերաբերյալ, որպեսզի հետագայում այդ հողերը հատկացվեն կոմբինատին: Հանրային քննարկման արդյունքում որոշվել է թույլատրել փորձաքննություններ իրականացնել պոչամբարի կառուցման համար նախատեսված վայրում, որի արդյունքների հիման վրա պոչամբարի կառուցման համար հողահատկացման վերաբերյալ կկայացվի վերջնական եզրակացություն:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը, ով ներկա էր Մեծ Այրումի գյուղապետարանում կազմակերպված հանրային քննարկմանը, գյուղացիներին ներկայացրել է պոչամբարի կառուցման նպատակները և հետագայում համայնքի բնակիչներին տրվող հնարավորությունները, ինչպես նաև ընդգծել պոչամբարի գոյության կարևորությունը: Ըստ նրա՝ պոչամբարը որևէ առողջապահական վտանգ չի ներկայացնում, և մինչ այժմ իրականացված բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բնակիչների առողջությանը որևէ վնաս չի հասցվում: Շահնազարյանը պնդել է, որ նոր պոչամբարի կառուցումը հնարավորություն կտա փակել ներկայիս գործող պոչամբարը, որն առավել մոտ է գտնվում Մեծ Այրում գյուղին և նորը կկառուցվի համայնքից մոտ 2կՄ հեռավորության վրա: