Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությունից հետո 6 օր է անցել, սակայն Պաշտպանության նախարարությունը մինչ օրս չի հայտնում ձերբակալվածներից մեկի հոր՝ ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի անունը, «Հրապարակ» օրաթերթում գրում է Սյուզան Սիմոնյանը։
Լրագրողը նշում է, որ Մարկոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար կալանավորված 4 ուսանողներից մեկն է։
«Հենց նա է, իրավիճակին ծանոթ մեր աղբյուրի համաձայն, հրեշավոր հանցագործության գլխավոր մեղավորը, որն իր՝ գնդապետի որդու «ավտարիտետով» իշխել է մյուսներին։ Հայր ու տղա, փաստորեն, տարբեր ազգանուններ են կրում։ Տեղյակ աղբյուրը հայտնում է, որ ազգանունը փոխել է Գնելը, իր և գնդապետի միջև ազգակցական կապը արտաքուստ քողարկելու համար։ Երեկ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին ընդամենը մեկ հարց տվեցինք՝ ինչպե՞ս է Ռազմական ինստիտուտի պետի տեղակալ Մարկոսյանի անունը։ «Ես նման մարդ չեմ ճանաչում», ֊ ասաց Հովհաննիսյանը, ինչը, իհարկե, անհավանական է։ Սա ընդամենը նշանակում է, որ ՊՆ֊ն արդեն փորձում է պարտակել կատարվածը, փրկել հանցագործին խայտառակությունից, պահպանել նրան դաստիարակողի «բարի համբավը», թեպետ գնդապետ Զարմիկ Մարկոսյանին, ինչպես նաև ինստիտուտի պետի մյուս տեղակալ Արմեն Մզիկյանին պաշտոնանկ էին արել», ֊ գրում է Սյուզան Սիմոնյանը։
Հոդվածագիրն ընդգծում է, որ ՊՆ֊ն պաշտոնապես չի բացատրում, թե ինչու են մարդիկ ազատվում աշխատանքից, և հանրությունն ընդամենը կարող է ենթադրել, որ նրանց, ինչպես նաև մեր գլխավոր սպայական բուհի պետի՝ գեներալ֊լեյտենանտ Մարտին Կարապետյանի աշխատանքից ազատման պատճառն այնտեղ կատարված խայտառակ միջադեպն է։
«Առհասարակ, սա Պնախարար Սեյրան Օհանյանի ձեռագիրն է՝ պատժել իր ենթականերին, բայց այնպես, որ ոչ ոք չիմանա, թե ինչու։ Գուցե սա է պատճառը, որ զինծառայողների խոշտանգումները, սպանության հետ կապված հանցագործությունները մեր բանակում կրկնվելու միտում ունեն», ֊ նշում է Սիմոնյանը։
Մինչ Քննչական կոմիտեն զբաղվում է սպանության գործով, ԶԼՄ֊ներում դեպքի մանրամասներն են շրջանառվում, որոնց համաձայն համակուրսեցիները փորձել են իրենց ենթարկել Հայկազին, վերջինս դիմադրել է, բանը հասել է գիշերային ծեծկռտուքի, որի ընթացքում Հայկազին խեղդել են բարձով։ Նրա մարմնին ծեծի հետքեր են հայտնաբերվել, իսկ երակներին՝ կտրվածքներ։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում