Շիրակի մարզային քննչական վարչությունում երեկ տեղի է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հարցաքննությունը՝ հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մերձակայքում տեղի ունեցած ընդհարումների քրգործով։ Հարցաքննությունը տևել է շուրջ 4 ժամ և անցել է գրավոր ընթացակարգով, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Իոաննիսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ընդհանուր ցուցմունքը կազմել է շուրջ 24 էջ․ «Հիմնականում նկարագրել եմ, թե ոստիկաններն ինչ քայլեր են արել, ասել եմ՝ դեռ հյուպատոսարան չհասած՝ փակել են խաղաղ երթի ընթացքը, ասել եմ, որ ոստիկաններից ոմանց ոչինչ չէին տվել ու անպաշտպան էին։ Ասեմ նաև, որ լուսաձայնային նռնակները շատ անհաջող են օգտագործվել ու վնասել խաղաղ մարդկանց։ Ոստիկանությունը տարբեր զորավարժություններ է անում, բայց կարծես թե դրանք ապարդյուն են։ Ցուցմունքիս էական մասը դրանց է վերաբերում»։
Իոաննիսյանը քննչական վարչությունում ցույց են տվել վիդեոհոլովակներ և հարցրել՝ ճանաչում է արդյոք դրանցում երևացող մարդկանց, ինչին նա բացասական պատասխան է տվել։ Հարցին՝ ճանաչում է արդյոք ակցիաների կազմակերպիչներին, հարցաքննվողը պատասխանել է, որ ակցիան կազմակերպիչ չի ունեցել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից