հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Գյումրիում ձերբակալված երիտասարդին արձանագրությունները չեն տրամադրել․ փաստաբան

Գյումրիում ձերբակալված երիտասարդին արձանագրությունները չեն տրամադրել․ փաստաբան

Երեկ որպես վկա Գյումրիի ոստիկանություն կանչված, այնուհետև ձերբակալված Մնացական Ալեքսանյանին չեն տրամադրել իր նկատմամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունները: Այս մասին այսօր Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը, ով 10։30-ի դրությամբ գտնվում էր Գյումրիի քննչական բաժնում: Փաստաբանը դիմում է գրել, որպեսզի իրենց կողմին տրամադրեն փաստաթղթերի փաթեթը, այդ թվում՝ ձերբակալման արձանագրությունը, և որոշումը, թե ինչի մեջ են կասկածում Ալեքսանյանին։

«Մոտ 1 ժամ ինձ թույլ չէին տալիս մտնել: Ես գնացի Ալեքսանյանի մոտ, խնդրեցի ինձ տալ փաստաթղթերը, նա ասաց, որ իրեն չեն տրամադրել»,-ասել է Հայկ Հարությունյանը:

Փաստաբանն ասել է՝ միակ բանը, որ իրենց հայտնի է, այն է, որ Ալեքսանյանը ձերբակալվել է հունվարի 15-ի դեպքերի առնչությամբ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս պահին երիտասարդը գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում:

Երեկ Ալեքսանյանը, հրավիրվելով որպես վկա, ցուցմունք է տվել, որից հետո նրան տեղեկացրել են, որ ձերբակալված է: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Լևոն Բարսեղյանը, Ալեքսանյանին 13 ժամ շարունակ հարցաքննել էին նաև հունվարի 17-ին։

Հունվարի 15-ին Գյումրիից մի քանի լրատվական կայքերի կողմից հեռարձակված կադրերից երևում էր, թե ինչպես է երիտասարդը զրուցում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Ալեքսանյանը հանդիմանում էր պատգամավորին այն բանի համար, որ վերջինս ոստիկանության մեքենա էր նստել:

«Մի հատ հարց, ճի՞շտ եք գտել ոստիկանության մեքենայով հայտնվել Գյումրու փողոցներում։ Իմ հարցին դրական կամ բացասական պատասխանեք։ Ցանկացած լեննականցու մի հատ ասեիք՝ ինձի տարեք Լոնդոն, ձեզ կտաներ, բայց շան ավտո չնստեիք», – ասել էր Ալեքսանյանը։

Հունվարի 15-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ իրավասու մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մարդկանց մի մասը երթով գնացել էր դեպի ՌԴ հյուպատոսություն, նրանց ճանապարհը փակել են ոստիկանները, սկսվել են բախումներ: Հետագայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկային։ Որպես վկա Գյումրիում հարցաքննվում էին երթի մասնակիցներից շատերը։