ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել 2014 թվականի հուլիսին Քարվաճառում (Քելբաջար) ձերբակալված երկու ադրբեջանցիներին՝ Դիլհամ Ասքերովին ու Շահբազ Գուլիևին, հանձնել Ադրբեջանի իշխանություններին։
Contact.az֊ի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղում ձերբակալվածների նկատմամբ իրականացված դատավարությունը մեկնաբանելու Turan գործակալության լրագրողի խնդրանքին ի պատասխան՝ Ուորլիքն ասել է․ «Մենք համապատասխան իրավասու անձանց կոչ ենք անում ձերբակալվածներին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը։ Նման հումանիտար քայլը կնպաստեր կողմերի միջև վստահության ստեղծմանն ու լարվածության նվազեցմանը»։
Մատնանշելով նախկինում նման փորձի գոյությանը՝ համանախագահը հիշեցրել է նաև, որ 2010 թվականին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների կողմից ստորագրված Աստրախանի հռչակագրով կողմերը գերիներին վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Ուորլիքը հույս է հայտնել, որ «իրավիճակից դուրս գալու համար նման քայլեր կարող են ձեռնարկվել արդեն հիմա»։
Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերի 30֊ին ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասքերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտել են 22 տարվա և ցմահ ազատազրկման համապատասխանաբար՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, զենքի գործադրմամբ, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ։
Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել 37-ամյա Կարինե Դավթյանին։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածները երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվել է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։ Դատավարության ընթացքում ադրբեջանցիներին թարգմանիչ չի տրամադրվել, նրանք չեն ընդունել իրենց մեղքը։