Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նախկին շենքի սենյակներից մեկում, որի լուսամուտները նայում են դեպի բակ, արխիվային տասնյակ անձնագրեր են լցված գետնին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Սենյակի լուսամուտը ջարդած է, անձնագրերը բաց վիճակում են, և անգամ անզեն աչքով հնարավոր է կարդալ քաղաքացիների անձնական տվյալները՝ անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այն ամենը, ինչ նշվում է անձնագրում: Ավելին՝ նախօրեին այդ անձնագրերը թափված էին անմիջապես պատուհանագոգին, և ցանկացած մեկը, ով կանցներ բակով, հնարավորություն ուներ տասնյակներով վերցնել՝ առանց ոստիկանության նշված բաժնի նախկին տարածք ոտք դնելու:
Ըստ թերթի՝ չի բացառվում, որ սրանք այն կեղծ անձնագրերն են, որ, ինչպես խոսվում է Հայաստանում, օգտագործվում են ընտրությունները կեղծելու, գոյություն չունեցող ընտրողներ ստեղծելու համար:
«Բոլոր դեպքերում՝ կարծում ենք, ՀՀ ոստիկանությունը պետք է հստակ պատասխանի, թե սրանք ինչ անձնագրեր են և ինչո՞ւ են այսպես, աղբի նման թափված լքված շենքի հատակին»,- գրում է թերթը։
Ոստիկանության Կենտրոնի բաժինը 2013թ․ հուլիսին Իսրայելյան 41 շենքից տեղափոխվել է և ներկայումս գործում է Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում