Թուրքիան չեղյալ է համարել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված միջոցառումը, շաբաթ օրը գրել է թուրքական Today's Zaman֊ը՝ հղում կատարելով Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրին։
«Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են համարվել։ Բոլոր նախապատրաստական աշխատանքները կասեցվել են, քանի որ հրավիրվածներից շատերը չեն արձագանքել։ Ընդամենը 5 երկրներ են ընդունել հրավերը, այն էլ նրանք չեն ներկայանալու բարձրաստիճան պաշտոնյաներով», ֊ Today's Zaman֊ի հետ զրույցում ասել է Թուրքիայի կառավարության մի պաշտոնյա, ով չի ցանկացել ներկայանալ։
Միևնույն ժամանակ, թուրքական Sabah թերթի՝ երկրի նախագահական նստավայրում աղբյուրները նշել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և միջոցառումներն անցկացվելու են։
Նշենք, որ այս տարի Թուրքիան որոշում էր կայացրել Գալիպոլիի ճակատամարտի 100֊ամյա տարեդարձը նշել ապրիլի 24-ին, չնայած ավանդաբար այն նշվում էր մարտի 18-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տոնակատարություններին մասնակցելու համար հրավիրել էր ավելի քան 100 պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով մերժել էր հրավերը։ Ավելի վաղ պաշտոնական Երևանը պետությունների առաջնորդներին ապրիլի 24-ին հրավիրել է Երևան Հայոց Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։