«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։ Բողոքողները ցանկանում են իմանալ՝ երբ է լուծում ստանալու չվճարված աշխատավարձերի խնդիրը։ Փետրվարի 20-ին իրենք նամակ էին հանձնել նախագահական՝ պահանջելով ներկայացնել աշխատավարձերի վճարման ժամանակացույցը։
Այսօր մի քանի տասնյակ մարդիկ 2,5 ժամ կագնել են Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, սակայն դարձյալ պատասխան չեն ստացել։
Epress.am֊ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը նշել է, որ նաիրիտցիները չեն պատրաստավում դադարեցնել բողոքի ակցիաները մինչև իրենց պահանջը չբավարարվի։ Վաղը՝ ժամը 11։00-ին, «Նաիրիտի» աշխատակիցները կրկին հավաքվելու են ՀՀ նախագահի նստավայրի մոտ։
Նշենք, որ «Նաիրիտի» աշխատողներին պարտք են 18 ամսվա աշխատավարձ։ Փետրվարի սկզբին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել էր, որ փետրվարի 25-ին նաիրիտցիները ևս մեկ ամսվա աշխատավարձ կստանան, իսկ մյուս ամիսների պարտքի վճարումը կախված կլինի գործարանի գույքի օտարումից։ Այդ տարբերակն առաջացրել է գործարանի աշխատակիցների դժգոհությունը և նրանք հայտարարել են ամենօրյա ակցիաների կազմակերպման մասին։
«Նաիրիտի» աշխատակիցների խնդիրների մասին՝ այստեղ։