Այսօր Ազգային Ժողովում քվեարկության դրված «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագիծը չընդունվեց։ Նախագծին կողմ է քվեարկել 4 պատգամավոր, դեմ՝ 68։
Մինչ իր ներկայացրած նախագծի քվեարկությանն անցնելը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամները, իրենց հաշիվ են տալիս, որ որոշման նախագիծն ԱԺ օրակարգ մտնելու շանսեր չունի, բայց քվեարկության պահից այսպես թե այնպես այդ իրավաքաղաքական փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական կյանքի օրակարգ։
«Մեր խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի քաղաքական պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրվող մեղադրանքներն օրենքով սահմանված կարգով քննվեն Հայաստանի դատաիրավական համակարգի կողմից»,- ասել է պատգամավորը։
Կանխելով շահարկումները՝ Փաշինյանն ասել է, որ նախագիծը չի խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը:
«Այստեղ շարադրված են փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության՝ մութ կողմերի վերաբերյալ օդում կախված բազմաթիվ տեղեկությունները վերջնականորեն ստուգելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:
Անդրադառնալով նախագծին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ թեև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար բոլոր հիմքերն առկա են, այս գործընթացը «չի կարելի անլրջացնել տարօրինակ իրավաբանական հիմնավորումներով և չնախապատրաստելով քաղաքական ուժերի աջակցությունը գոնե հարցը քննարկման հասցնելու համար»։
Զուրաբյանը հայտարարել է, որ խմբակցությունը չի քվեարկելու, քանի որ «նման թույլ փաստաթղթին քվեարկելը լուրջ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին»։
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, իր հերթին, հայտարարել է, որ անկախ նախագծի իրավական հիմնավորումներին իր մոտեցումից, պատեհ առիթ է ստեղծվել, որ այն ուժերը, որոնք հրապարակներում խոսում են իշխանափոխության մասին, ցույց տան իրենց մոտեցումը։
«Սա է քաղաքական մարմինը, որտեղ նման հարցեր են քննարկվում», ֊ ասել է Ազրումանյանը՝ հավելելով, որ նախագծին կողմ է քվեարկելու։
ՀՅԴ-ի անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենց խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու: ԲՀԿ֊ն ընթացիկ քառօրյան բոյկոտում է։