Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության կայքը։
Այլ մանրամասներ ԼՂՀ ՊՆ֊ն հաղորդագրության մեջ չէր հայտնել։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
2015 թվականի ընթացքում սա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողի մահվան 14֊րդ դեպքն է։