Home / Հայաստան / ԲՀԿ նորընտիր նախագահը սպառնալիքների մասին հարցին չպատասխանեց

ԲՀԿ նորընտիր նախագահը սպառնալիքների մասին հարցին չպատասխանեց

Այսօր կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին նախագահի պաշտոնը լքած Գագիկ Ծառուկյանի փոխարեն ընտրվել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Կուսակցության նորընտիր ղեկավարն ասել է, որ «Բարգավաճ Հայաստանը» որոշում է կայացրել Ազգային ժողովում իրեն ընդդիմություն հայտարարել։

Երբ լրագրողներից մեկը հարցրել է Զոհրաբյանին՝ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության ընթացքում իրենց սպառնացել են, ԲՀԿ նախագահը խնդրել է լրագրողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և շատ հարցեր չտալ, քանի որ «այս պահին մենք չենք կարող պատասխանել բոլոր հարցերին»:

«Մեզ նոր մարտավարություն մշակելու համար ժամանակ է պետք: Մեզանից հապճեպ քայլեր չակնկալեք»,- ասել է նա:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է նաև, որ երեկ կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը: Նա, սակայն, կշարունակի մնալ ԱԺ պատգամավոր: Օսկանյանը իր տարածած հայտարարության մեջ ԲՀԿ֊ից դուրս գալը պատճառաբանել է նրանով, որ կուսակցությունը «չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ կարծիքով բաձարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականցնելու»։

«Ես վստահ եմ, որ ԲՀԿ-ն շատ արագ կվերականգնի իր հեղինակությունը»,- ասել է Զոհրաբյանը:

ԲՀԿ֊ական Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման մեկնարկին կրկին անգամ ասել է, որ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու մասին որոշումը պայմանավորված է նրանով, որ տեսանելի եղավ այն գիծը, որը Ծառուկյանը չէր կարող անցնել, այն է՝ անգամ մեկ անմեղ մարդու արյունը թափվելու վտանգը:

«Թե ինչու այդ գիծը տեսանելի եղավ, դա արդեն մեր կուսակցության խնդիրը չէ: Ես կարծում եմ դա մեր ողջ քաղաքական դաշտի և հասարակության պրոբլեմն է»,- պնդել է Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ փետրվարի կեսին մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հակամարտությունը։ Սարգսյանի հնչեցրած քննադատությունից հետո Ծառուկյանըհայտարարեց, որ իշխանափոխության է գնում, սակայն մի քանի օր անց չեղյալ համարեց ավելի վաղ հրավիրված հանրահավաքը և հայտարարեց, որ խնդիրները պետք է լուծվեն «խաղաղ ճանապարհով»։