Home / Տեսանյութեր / «Ես միշտ դեմ էի մայդաններին»․ Գագիկ Ծառուկյանը լքեց քաղաքականությունը

«Ես միշտ դեմ էի մայդաններին»․ Գագիկ Ծառուկյանը լքեց քաղաքականությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր պաշտոնապես հայտարարել է ակտիվ քաղաքականությունը լքելու մասին։ ԲՀԿ համագումարի ընթացքում կուսակցության նախագահի պաշտոնում նա առաջարկել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։

«Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք:

Մեկ բան ուզում եմ անպայման շեշտել՝ քաղաքականության մեջ գտնվելու տարիներին ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ: Չեմ օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով: Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների և այլ շահի հետ: Իմ թիմի և ժողովրդի մեջքի հետևում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ և ոչ թե արցունքներ:

Ուզում եմ լինել ավելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նույնպես ես անկեղծ եմ։

Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան:

Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, և կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, կառույցների ղեկավարներին, քաղխորհրդի անդամներին, մեր պատգամավորներին: Շնորհակալություն բոլոր շարքային բհկ-ականներին:

Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմի մի խումբ մարդկանց, ովքեր գիշեր-ցերեկ, առանց հանգստյան օրերի, առանց խուսափելու պատասխանատվությունից, մի կողմ էին դրել իրենց ընտանեկան և անձնական հոգսերը ու աշխատում էին հանուն մեր ընդհանուր գործի: Շնորհակալություն:

Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ ընթացիկ հարցերին: Կան շատ թեկնածուներ, որոնք պատվով կարող էին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահվի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին: Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է», ֊ նշված է ԲՀԿ մամուլի ծառայության կողմից տարածված Ծառուկյանի ելույթում:

Հիշեցնենք, որ փետրվարի կեսին մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հակամարտությունը։ Սարգսյանի հնչեցրած քննադատությունից հետո Ծառուկյանը հայտարարեց, որ իշխանափոխության է գնում, սակայն մի քանի օր անց չեղյալ համարեց ավելի վաղ հրավիրված հանրահավաքը և հայտարարեց, որ խնդիրները պետք է լուծվեն «խաղաղ ճանապարհով»։

Tekali Taxi