ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «16 քաղաքացիներն ընդդեմ «Իրավունք» թերթի» գործով Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ համարելով, որ թերթը քաղաքացիներին վիրավորանք չի հասցրել։
Առաջին ատյանի դատարանը դեռևս հոկտեմբերին մերժել էր քաղաքացիների պահանջը՝ թերթին պարտավորեցնել իրենց վիրավորող հոդվածի հերքումը տպել և քաղաքացիներին փոխհատուցել 5 միլիոն դրամ վիրավորանք, զրպարտություն և ատելության խոսք տարածող հոդվածի համար: Փոխարենը, դատավոր Ռուբեն Ներսիսյանը վճռել էր, որ դատարան դիմած քաղաքացիները 150 հազար դրամ թերթին և ևս 150 հազար դրամ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին պետք է վճարեն որպես փաստաբանի ծառայությունների գումարի փոխհատուցում։
Այսօր Վերաքննիչ դատարանը նաև մասնակի է բավարարել Հովհաննես Գալաջյանի և «Իրավունք Մեդիա»-ի ՍՊԻ֊ի՝ հայցվորներից փաստաբանական ծախսերի համար գումար բռնագանձելու մասին պահանջը: Կողմը պահանջել էր 16 հայցվորներից յուրաքանչյուրից բռնագանձել 9.000-ական դրամ, դատարանը, սակայն, որոշել է, որ Վերաքննիչում պատասխանողի փաստաբանական ծախսերի համար հայցվորները բոլորը միասին պետք է վճարեն 100.000 դրամ:
Հայցվորները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը խնդրո առարկա «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում ներկայացնում էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով: Հոդվածագիրը ցուցակում ներառված մարդկանց անվանել էր «ազգի և պետության թշնամի» ու «զոմբի» և կոչ էր արել Հայաստանում գործող կազմակերպություններին վերջիններիս աշխատանքի չընդունել: