Home / Տեսանյութեր / Հայցվորները դատարան են եկել դիմակներով․ բողոքում են ատելություն քարոզող թերթի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայցվորները դատարան են եկել դիմակներով․ բողոքում են ատելություն քարոզող թերթի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Վերաքննիչ դատարանում լսվել է «16 քաղաքացիներն ընդդեմ «Իրավունք» օրաթերթի» գործով վերաքննիչ բողոքը: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր քաղաքացիների պահանջը՝ թերթին պարտավորեցնել հերքում տպել և քաղաքացիներին փոխհատուցել 5 միլիոն դրամ վիրավորանք, զրպարտություն և ատելության խոսք տարածող հոդվածի համար:

«Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը խնդրո առարկա «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում ներկայացնում էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` նրանց ֆեյսբուքյան էջերի հիպերհղումներով: Հոդվածագիրը ցուցակում ներառված մարդկանց անվանել էր «ազգի և պետության թշնամի» ու «զոմբի» և կոչ էր արել Հայաստանում գործող կազմակերպություններին վերջիններիս աշխատանքի չընդունել:

Վերաքննիչ դատարանում ներկայացնելով բողոքը՝ 16 քաղաքացիների շահերի պաշտպան Նվարդ Փիլիպոսյանը միջնորդել է դատարանին գործին որպես ապացույց կցել նաև ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատականը, ԵԽԽՎ հայտարարությունը և Տեղեկատվական վեճերի անկախ խորհրդի կարծիքը: Երեք հայտարարություններում էլ «Իրավունք» օրաթերթի կողմից ատելության կոչեր անելը դատապարտվում է, քնանդատության է ենթարկվում նաև այն փաստը, որ ՀՀ դատարանն անպատիժ է թողել վիրավորանք տարածողին:

Դատարանը հրաժարվել է ապացույցները կցել գործին՝ պատճառաբանելով, որ դրանց մասին առաջին ատյանում կողմը դիրքորոշում չի հայտնել: Փիլիպոսյանը նշել է, որ այդ ապացույցները առաջին ատյանում ներկայացնել հնարավոր չէր, քանի որ դրանք ի հայտ են եկել վճռի հրապարակումից հետո:

2trial

«Իրավունք» օրաթերթը ներկայացնող փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասել է, որ չի ցանկանում պատասխանել վերաքննիչ բողոքին: Նա միայն միջնորդել է դատարանին բոլոր հայցվողներից բռնագանձել 9.000-ական դրամ ևս՝ որպես պատասխանող կողմի փաստաբանական ծախսերի փոխհատուցում:

Նման պահանջով Բաղդասարյանը նաև առաջին ատյանում էր հանդես եկել: Դատարանն այդ պահանջի մասով ևս հոգուտ թերթի էր որոշում կայացրել և պարտավորեցրել 35000-ական դրամ վճարել որպես թերթի ծախսերի փոխհատուցում:

1trial

Նշենք, որ դատարանի դահլիճում ներկա հայցվորներից մի քանիսը և նրանց աջակցող քաղաքացիներ ներկայացել էին դիմակներով: Դիմակավոր քաղաքացիներից Աննա Շահնազարյանն Epress.am-ին ասել է, որ հայաստանյան դատավորները դիմակներ են կրում՝ մոռանալով իրենց լիազորությունների մասին, ծաղրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և քաղաքացիներին։

«Մենք այսօր ուզում էինք ցույց տալ այն, ինչ մենք ենք ամեն անգամ տեսնում», ֊ նշել է Շահնազարյանը։