Թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման ծառայություններով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության աշխատակիցը կոտրել է բնապահպան ակտիվիստ Ժաննա Մախյանի տեսախցիկը: Այս մասին Epress.am-ին հայտնել է ինքը՝ Մախյանը:
Ակտիվիստի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, երբ ինքը իր շենքի բակում տեսել է «Յունիգրաֆ իքս» ընկերության աշխատակցին, ով երկաթը ձեռքին շուն էր բռնում:
Մախյանը պատմել է, որ հորդորել է շանն ազատ արձակել, քանի որ «Յունիգրաֆ իքսն» այն ժամանակ չուներ շների վնասազերծման և ստերիլիզացման գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Արտոնագրի գործողությունը կասեցվել էր 2014 թվականի դեկտեմբերին, իսկ Երևանի քաղաքապետարանը նոր մրցույթը դեռ չէր անցկացրել:
«Մինչ մի տղամարդ, ով փորձում էր հանգստացնել ինձ, խոսում էր հետս, «Յունիգրաֆ իքս»֊ի աշխատակից Համբարձումը մոտեցավ, խլեց ձեռքիցս տեսախցիկը և գետնով տվեց»,-ասել է Մախյանը՝ նշելով, էր տեսախցիկն ամբողջովին վնասվել է:
Ակտիվիստն ընդգծել է, որ ՀՀ ոստիկանությանը չի դիմել, քանի որ չի վստահում այդ կառույցին: Մախյանին չի հաջողվում կապ հաստատել ընկերության հետ, իսկ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանն ասել է, որ իրենք չեն կարող ոչնչով օգնել:
Epress.am-ը ևս փորձել է կապ հաստատել ընկերության հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնացել:
Նշենք, որ կենդանասերները բազմիցս բարձրաձայնել են, թե դեմ են ընկերության որդեգրած մեթոդներին: Նրանք կարծում են, որ ընկերության դեմ իրենց պայքարը կասեցնելու և ուշադրությունը շեղելու համար է Երևանի քաղաքապետարանը սկսել տարեկան 5000 դրամ տուրք գանձել ընտանի կենդանիների տերերից։