Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներից միայն մեկին՝ Գոհար Սարգսյանին, այսօր՝ մարտի 12֊ին, թույլ են տվել մտնել Նախագահական նստավայրի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին՝ ստանալու ամիսներ առաջ նախագահին ուղղած իրենց նամակի պատասխանը։
Նախորդ անգամ ոստիկանները նամակը ստանալ ցանկացող ծնողներին թույլ չէին տվել անցնել նախագահականի մայթին՝ պատճառաբանելով, թե ծնողները կարող էին ակցիա անցկացնել շենքի դիմաց։
Այսօր ևս բախվելով ոստիկանների արգելքին՝ ծնողներն ահազանգել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Ակցիայի վայր ժամանած ՄԻՊ աշխատակցի և ոստիկանների միջև առանձնազրույց֊բանակցություններից հետո վերջիններս թույլ են տվել Գոհար Սարգսյանին մտնել նամակների բաժին։
Բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանի հետ շուրջ կես ժամ տևած հանդիպումից հետո Գոհար Սարգսյանը Epress.am-ի թղթակցին ու դրսում սպասող ծնողներին հայտնել է․ «Ասատրյանն ասաց, որ ինքը աշխատակազմի ղեկավարին զեկուցել է, ու նախագահը տեղյակ է ակցիաների ու պահանջի մասին»։
Ծնողի խոսքով՝ Ասատրյանը ցույց է տվել նաև իր մոտ գրանցած բոլոր հանդիպումները՝ ապացուցելու համար, որ ինքը կատարել է իր գործառույթը և տեղեկացրել է Սերժ Սարգսյանին։
Ասատրյանն ասել է, որ նախագահը նամակին չի պատասխանել, ու եթե երբևէ պատասխանի, իրենք այդ պատասխանը կուղարկեն ծնողներին․ ունեն նրանց թե հասցեները, թե հեռախոսահամարները։
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում՝ ակնկալելով, որ վերջինս կկատարի տարիներ առաջ տված խոստումը՝ իրենց զավակների գործերի արդար քննությունն ապահովել։