Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, որոնք արդար դատավճիռ են պահանջում, այս տարի առաջին անգամ ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի մոտ: Նրանք տեղեկացրել են, որ նախագահ Սերժ Սարգսյանը այդպես էլ իրենց դիմում-պահանջին չի պատասխանել, թեև դիմումների պատասխանի մեկամսյա ժամկետը լրացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին:
«Գոնե մեզ ասեն՝ ձեր պահանջը ընդունելի չէ, նախագահը ընդունելություններ չի անում, գնացեք՝ դատախազը ձեզ կընդունի, Պաշպանության նախարարը ձեզ կընդունի: Բայց մեր նամակին նույնիսկ բացասական պատասխան չեն գրում»,- ասել է բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Այսօրվա ակցիայի ժամանակ զոհվածների ծնողները անդրադարձել են Գյումրիում տեղի ունեցած դեպքին և դրանում կասկածյալ հանդիսացող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնելուն:
«Սա ոչ հայկական կողմի հարցն է, ոչ ռուսական կողմի: Պուտինը, լինելով ռուսական զորքի գերագույն հրամանատարը, պաշտպանում է իր զորքի զինվորին: Հայ ընտանիք է սպանվել իր տանը քնած վիճակում, Հայաստանում սուգ էլ չի հայտարարվում»,- դժգոհել է Գոհար Սարգսյանը:
Մայրերը հիշեցրել են, որ ՀՀ նախագահը՝ որպես ՀՀ զորքերի գլխավոր հրամանատար, խոստացել է բացահայտել զոհված զինծառայողների գործերը, սակայն անցել է մեկ տարի՝ ոչ մի փոփոխություն չկա:
Բանակում զոհված զինվորների ծնողները միանալու են այսօր կայանալիք քաղաքացիական ակցիային, որով պահանջում են Գյումրիում կատարված ոճրագործությունը քննել Հայաստանում՝ հայկական իրավապահների կողմից: