Ռուսական կողմը խախտել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագիրը։ Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ անդրադարձ է արվում ՀՀ գկխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ այսօր Գյումրիում կայացած ասուլիսին։
«ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քանի որ ՌԴ զինվորական Վալերի Պերմյակովին մեղսագրվող հանցաքներից առաջինը եղել է զորամասը զենքով լքելը, ուստի հարցը ՌԴ իրավազորության ներքո է: Պարոն Կոստանյանը նաև ընդունեց այն փաստը, որ խնդիրը բարձրացվել է այն բանից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ՌԴ ռազմաբազայում:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․
Հանձնման և ՌԴ սահմանադրության հետ կապված խնդիրները ի հայտ եկան միայն այն ժամանակ, երբ Պերմյակովը ռուս սահմանապահների կողմից հանձնվեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարին: Ռուս սահմանապահները սահմանը հատելու փորձ կատարողին որևէ իրավունք չունեին հանձնելու որևէ մեկին` բացի ՀՀ իրավապահ մարմիններից:
ՌԴ սահմանապահները խախտել են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածը, ինչը և հանգեցրել է հանձնման հետ կապված բոլոր խնդիրներին», ֊ ասված է ՀԿ֊ի հայտարարության մեջ: Նշենք, որ 4-րդ կետի համաձայն, եթե ռազմաբազայի ներկայացուցիչը հանցանքը կատարում է բազայի տարածքից դուրս, ապա գործը վարում են ՀՀ իրավասու մարմինները։
Հեղինակները նաև անդրադառնում են Կոստանյանի այն հայտարարությանը, թե հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում։
«Իրավական տեսանկյունից բացարձակ կարևոր չէ, թե ո՞ր աշխարհագրական տարածքում է տեղի ունենալու հանցագործության մեղավորի դատը: Կարևոր է, թե ո՞ր երկրի դատարանն է այն քննելու:
Այս դեպքում, համաձայն Գևորգ Կոստանյանի, ըստ ամենայնի, Պերմյակովի գործը քննվելու է Գյումրիում ՌԴ կայազորային դատարանը, իսկ գործը վարելու է ՌԴ քննչական կոմիտեի կայազորային 517-րդ քննչական մարմինը:
Վերոնշյալը իրավական հիմք է տալիս պնդելու, որ հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն այն փաստի շուրջ, թե ինչու են ռուս սահմանապահները հանցագործին հանձնել ռազմաբազայի հրամանատարին: Ինչպես նաև, հարկավոր է քրեական հետապնդման ենթարկել այն սահմանապահներին, ովքեր օգնել են Պերմակյովին խուսափել հայ իրավապահներից», ֊ եզրափակում է «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ֊ի հայտարարությունը։