ՀՀ և ՌԴ դատախազությունների ներկայացուցիչներն այսօր Գյումրիում քննարկել են հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները, ոչ թե այն, թե որ երկրի դատախազությունն է զբաղվելու գործով: Այս մասին Epress.am-ին հայտնել է Դատախազության մամուլի խոսնալ Քրիստինե Մելքոնյանը:
Դատախազությունն արդեն հայտնել է, որ 6 մարդու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի նախաքննությունն անցկացնելու են ռուսական իրավապահ մարմինները:
ՀՀ Դատախազության կայքը հետևյալ պարզաբանումն էր ներկայացրել.
«Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության, նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար, Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում` նկատի ունենալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի` ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության»:
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ներկայացուցչության մամուլի ծառայությունն ավելի վաղ Վալերի Պերմյակովի ձերբակալության վերաբերյալ մանրամասներ էր ներկայացրել․
«Հունվարի 13֊ին, ժամը 00։15֊ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մոտ 2000 մետր հեռավորության վրա հայնտաբերել են դեպի պետական սահմանը շարժվող անհայտ անձի։
Ջոկատի հրամանատարը անհայտ անձին հրամայել է կանգնել, սակայն օրինախախտը շարունակել է շարժը։ Այնուհետև սահմանապահը տվել է «Կանգնիր, կկրակեմ» հրամանը, որին անձը նույնպես չի ենթարկվել։ Հրամանատարը «ԱԿ-74» ինքնաձիգից մեկ անգամ կրակել է օդ ու օրինախախտին ստիպել պառկել գետնին։
Օրինախախտը եղել է քաղաքացիական հագուստով, նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է երեք բջջային հեռախոս, էլեկտրական լապտեր, 6000 դրամ։
Անցկացված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ ձերբակալվածը ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Պերմյակով Վ․Պ․֊ն է»։