Գյումրիում մեկ ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին ձերբակալել են, սակայն թե որ երկրի դատախազությունը կզբաղվի գործի նախաքննությամբ, դեռևս հայտնի չէ: Ոստիկանության մամուլի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Epress.am֊ի լրագրողի հետ զրույցում հորդորել է Պերմյակովի հարցով դիմել Քննչական կոմիտե, քանի որ քրեական գործն արդեն հարուցվել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասել է, որ իրենց կառույցը նույնպես գործով չի զբաղվում:
Տռուզյանի խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև:
«Բանն այն է, որ Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները, նա գտնվում է ռուսական ռազմաբազայում: Այնտեղ նրա նկատմամբ կատարվել են քննչական գործողություններ, որոնց մասնակցել է նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, Պերմյակովը տվել է ցուցմունքներ: Քանի որ բանակցությունները հետագայի շուրջ ընթանում են դատախազությունների միջև, հետագա մանրամասների համար դիմեք դատախազություն»,- ասել է Սոնա Տռուզյանը:
Դատախազության հետ մեզ առայժմ չի հաջողվել կապ հաստատել։
Պերմյակովի դեմ գործ է հարուցվել նաև ՌԴ դատախազության կողմից ՝ զորամասը լքելու, հենակետից զենքով փախչելու, սահմանը անցնելու փորձի վերաբերյալ:
Ռուսաստանյան «Վեստի» հեռուստաալիքի համաձայն, Պերմյակովի գործը հետաքննելու է ՌԴ Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը, որի անդամները փոխնախարար Արկադի Բախինի գլխավորությամբ մեկնել են Գյումրի։
Նշենք, որ ՀՀ֊ի և ՌԴ֊ի միջև գործող «ՀՀ֊ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 4֊րդ հոդվածի համաձայն, ռուսական ռազմաբազայի անդամների կողմից կատարված հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը և աշխատում են ՀՀ իրավասու մարմինները։
Միևնույն ժամանակ, 5-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործությունները, որոնք կատարվել են ռուսական բազայի տարածքում, կամ ռուսական բազայի աշխատակիցների դեմ, կամ ռազմական հանցագործությունները քննվում են ՌԴ օրենսդրության համաձայն։ 6-րդ հոդվածը սահմանում է, որ երկու երկրների իրավասու մարմինների համաձայնությամբ, ռուսական բազայի ներկայացուցիչներին վերաբերող գործերը առանձնացվում են առանձին վարույթում և տրվում են ռուսաստանյան կողմին։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ներկայացուցչության մամուլի ծառայությունը Վալերի Պերմյակովի ձերբակալության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել․
«Հունվարի 13֊ին, ժամը 00։15֊ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մոտ 2000 մետր հեռավորության վրա հայնտաբերել են դեպի պետական սահմանը շարժվող անհայտ անձի։
Ջոկատի հրամանատարը անհայտ անձին հրամայել է կանգնել, սակայն օրինախախտը շարունակել է շարժը։ Այնուհետև սահմանապահը տվել է «Կանգնիր, կկրակեմ» հրամանը, որին անձը նույնպես չի ենթարկվել։ Հրամանատարը «ԱԿ-74» ինքնաձիգից մեկ անգամ կրակել է օդ ու օրինախախտին ստիպել պառկել գետնին։
Օրինախախտը եղել է քաղաքացիական հագուստով, նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է երեք բջջային հեռախոս, էլեկտրական լապտեր, 6000 դրամ։
Անցկացված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ ձերբակալվածը ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Պերմյակով Վ․Պ․֊ն է»։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ֊մայոր Բիրյուկով Վ․Վ․֊ի որոշման համաձայն՝ ձերբակալվածը կայազորի զինվորական դատախազության և զինվորական քննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ հանձնվել է 102֊րդ ռազմաբազայի հրամանատարին։