հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Կարո՞ղ է արդյոք Հայաստանը վերահսկել ռուսաստանցի գաղութարարներին

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը վերահսկել ռուսաստանցի գաղութարարներին

Nihilist.li կայքը «Բարեկիրթ մարդիկ Հայաստանում․ Գյումրիում ռուսաստանցի զինվորը քնած ընտանիքին գնդակահարել է իրենց տանը» հոդվածում ընդգծում է Հայաստանում ռուսաստանցի զինվորների անկարգությունների պարբերական բնույթը։ Նշվում է նաև, որ, չնայած Հայաստանում ռուսաստանյան ներկայության ակնհայտ գաղութարար բնույթին, օտարերկրյա զորքերը երկրից դուրս բերելու թեման քաղաքական օրակարգից բացակայում է։

Ստորև ներկայացված նյութի վերահրապարակման պահի դրությամբ, զանգվածային սպանության մեջ կասկածվող զինվորը հայ֊թուրքական սահմանին ձերբակալվել է ռուսաստանցի սահմանապահների կողմից ու, ըստ պաշտոնական աղբյուրների, ընդունել իր մեղքը։

Հոդվածը՝ թարգմանաբար․

֊ Հունվարի 12֊ի վաղ առավոտյան Հայաստանի Գյումրի քաղաքում՝ իրենց տանը, «ԱԿ֊74» ինքնաձիգից գնդակահարվել է տեղի բնակիչների ընտանիք․ Սերյոժա Ավետիսյան (1961 թվականին ծնված), Հասմիկ Ավետիսյան (1959), Աիդա Ավետիսյան (1979), Արմեն Ավետիսյան (1981), Արաքսյա Պողոսյան (1990)։ Երկուամյա Հասմիկ Ավետիսյանը սպանվել է դանակով։ Յոթ ամսական Սերյոժա Ավետիսյանը կենդանի է մնացել ու դանակից ստացված վնասվածքներով տեղափոխվել վերակենդանացման բաժին։

Սպանվածներին գտել է հյուր եկած բարեկամուհին։ Ընտանիքի անդամներն սպանվել են իրենց անկողիններում։ Ավելի ուշ հարևանուհին պատմել է, որ առավոտյան ժամը վեցի սահմաններում աղմուկ֊աղաղակ է լսել, բայց կարծել է, թե հարևանները ստորգետնյա ցնցումների հետևանքով արթնացած երեխային են հանգստացնում, որոնք այդ լեռնային շրջանում հազվադեպ չեն։ Նա նաև պատմել է, որ Ավետիսյանների ընտանիքը գիշերը դարպասները չէր կողպում, քանի որ որևէ մեկից չէր վախենում՝ թշնամիներ չուներ։ Տանը հայտնաբերվել է ինքնաձիգ, բանակային հագուստ ու կոշիկներ՝ Վալերի Պերմյակովի անունով՝ քաղաքում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող, որի անհետացումը հաստատել է նաև բազայի հրամանատարությունը։

ՌԴ զինծառայողների հետ կապված նման միջադեպեր Գյումրիում նախկինում էլ են տեղի ունեցել։ Երկու տարի առաջ ռազմաբազային կից հրաձգարանում ռումբի վրա պայթել ու մահացել է երկու երեխա։ Հրաձգարանը ցանկապատված չէր, սակայն ռազմաբազայի հրամանատարությունը ոչ միայն չպատժեց մեղավորներին, այլև պարզապես արհամարհեց տեղի բնակիչների պաշտոնական բողոքները։ 1999 թվականին երկու հարբած զինվոր՝ զինված «ԱԿ֊74» ինքնաձիգներով, դուրս են եկել քաղաք ու գնդակահարել ճանապարհին իրենց հանդիպած բոլոր մարդկանց։ Արդյունքում, երկու մարդ՝ Վաղինակ Սիմոնյանն ու Դավիթ Սողոմոլյանը, մահացել են, տասնչորսը՝ վիրավորվել։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մարդասպաններին սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն ռուսաստանցի զինվորականները նրանց չհանձնեցին և ուղարկեցին Ռուսաստան, որտեղ նրանք, իբր, կանգնեցին ռազմական տրիբունալի առջև, որի հետաքննության, ինչպես նաև պատժի մասին շատ քիչ բան է հայտնի։ Հաճախ են պատահում նաև դեպքեր, երբ ռուսաստանցի զինվորները հարբած վիճակում կրակ են բացում ռեստորաններում կամ սպառնում տեղի բնակիչներին։

Հայաստանում ռուսաստանյան զորքերի ներկայությունն արդարացվում է, առաջին հերթին, «պաշտպանությամբ» Ադրբեջանից, որի հետ մինչեւ վերջերս երկար ու արյունալի պատերազմ էր ընթանում Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Հայաստանը մտնում է ՀԱՊԿ կազմի մեջ, իսկ ռուսաստանյան բանակը երկրում զգալի ուժեր ունի ու վերահսկում է անգամ Հայաստանի սահմանները Թուրքիայի ու Իրանի հետ։ Երկրորդ խոշորագույն քաղաք Գյումրիում տեղակայված 102֊րդ ռազմաբազայում գտնվում է ՌԴ շուրջ հինգ հազար զինծառայող։ Լեռնային Ղարաբաղի, որի բանակում ծառայում են զինվորներ Հայաստանից, ու Ադրբեջանի սահմաններին մշտապես բախումներ են տեղի ունենում ու մարդիկ զոհվում։ Երկու կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ․ հակամարտությունը լուծված չէ ու սպառնում է վերածվել լիածավալ պատերազմի։

Ռուսաստանն օգտվում է իրավիճակից՝ մի կողմից միլիարդավոր դոլարների զինամթերք վաճառելով երկու կողմերին, մյուս կողմից՝ ունենալով Հայաստանի քաղաքականության վրա ճնշման լծակ՝ սպառնալով դուրս բերել զորքերն ու երկրին մենակ թողնել Ադրբեջանի հետ։ Հայաստանի ներսում տեղի քաղաքական գործիչները ռազմական սպառնալիքի առկայությունն օգտագործում են հասարակությանն ազգայնական գաղափարախոսության շուրջ համախմբելու և սոցիալական բողոքների վերաբերյալ ցանկացած գաղափար խեղդելու համար։ Բոլոր սոցիալական ու քաղաքական փոփոխությունները հետաձգվում են՝ մինչև լուծվի ղարաբաղյան հակամարտությունն ու վերացվի պատերազմի վտանգը։ Իսկ մինչ այդ, աղքատության ու տնտեսական կործանման պայմաններում մարդիկ ստիպված են գումար վաստակելու համար մեկնել նույն Ռուսաստան։

Ավելորդ է ասել, որ Հայաստանում ռուսաստանյան բանակի ներկայությունը զուգորդվում է Ռուսաստանի կապիտալի ընդլայնմամբ, իսկ «պաշտպան» Ռուսաստանի մասին զրույցները քաղաքական էլիտայի շրջանում սնվում են կոռուպցիայով, այսինքն, երկրից ռեսուրսներ քամելու գործընթացին մասնակցելու հնարավորությամբ։ Բացի դա, ՌԴ ներկայացուցիչները չեն մոռանում նաև «մշակութային բաղադրիչի» մասին։ 2014 թվականի ամռանը հայտնի ռուսաստանցի Դմիտրի Կիսելյովը պաշտոնական այցի ժամանակ Հայաստանի խորհրդարանում հայտարարեց, որ լեզվի վերաբերյալ հարցն ու երկրի անվտանգությունն ուղղակիորեն կապված են, ուստի արժե ռուսերեն լեզվին, որը մայրենի է երկրի բնակչության միայն մի քանի տոկոսի համար, պետականի կարգավիճակ տալ։

Ռուսաստանամետ տրամադրություններն օգուտ են տեղի իշխանություններին, մինչդեռ մյուսները պարզապես չեն կարող իրենց թույլ տալ հակասել ռուսաստանցի զինվորականներին։ Միասին նրանք կոծկում են նրանց ու նպաստում հանցագործությունների մասին լռելուն՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ, որը բարդացվում է ռուս մարդու բեռի ծանրությամբ։

Եվ ահա այսօր Գյումրիի փողոցներում «մարդասպանին փնտրում են» ռուսաստանցի զինված զինծառայողները, որոնք, ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագրի համաձայն, իրավունք չունեն դրա սահմաններից դուրս գալ զենքով, բացառությամբ իրենց ընտանիքներն ու բազայի սահմաններն անմիջապես պաշտպանելու նպատակով։ Տեղի բնակիչները գրում են, որ վախենում են փողոց դուրս գալ, իսկ ակտիվիստներից մեկին՝ հանրահավաքների ավանդական կազմակերպչին, զանգահարել են ու հորդորել հանրահավաք չանցկացնել։ Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները, փակվել են ճանապարհները, ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները։ Չի կարելի, սակայն, վստահությամբ ասել, որ նրան առաջինը չեն գտնի, կամ արդեն չեն գտել, ռուսաստանցի զինվորականները, որոնք, սովորականի պես, թափանցիկ հետաքննություն չեն վարի կամ իրողությունը թաքցնելու մեկ այլ ուղի կգտնեն։

Այս մտավախություններն ապացուցում են նաև նրանով, որ ռուսաստանյան հեռուստատեսությունը այս հոդվածի գրվելու պահի դրությամբ (հունվարի 12֊ի երեկո) դեռևս լռում է տեղի ունեցածի մասին։ Հայաստանում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները մի քանի կարճ ու դատարկ ցավակցական հայտարարություններ են արել։ Ռուսաստանյան ԶԼՄ֊ները, դեռևս միայն էլեկտրոնային, ընդամենը մի քանի պարբերություններ են տեղադրել Նավալնու ու երգչուհի Օբրազցովայի մահվան մասին նորությունների միջև։ Դեղին մամուլը, ինչպես, օրինակ, «Մոսկովսկի կոմսոմոլեց»֊ը, սկսում է վարկածներ տարածել այն մասին, թե զինվոր Պերմյակովը խենթ մոլագար է, նրա եղբայրը մարդասպան է, իսկ ինքը՝ զինվորը, նախկինում փորձել է ինքնասպանություն գործել, և այլն։ Այս բոլոր հայտարարություններն այս կամ այլ կերպ արդեն հերքվել են։ Բայց Ռուսաստանցի զինվորի համազգեստը [արյունից] մաքրելու ցանկությունն ակնհայտ է, չէ՞ որ նման էքսցեսները չպետք է ստվեր գցեն ու խոչընդոտեն ռուսական աշխարհի ընդլայնմանը։

Անխոս, ցանկացած պետության դատարանի վստահելը չափազանք միամիտ կլիներ, բայց տեղի ունեցած կոտորածի հետաքննության թափանցիկության հարցը ոչ միայն Գյումրիի բնակիչների ամենօրյա անվտանգության հարցն է, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են այնպիսի բարեկիրթ մարդկանց հարևանությամբ, ովքեր կարող են հյուր գալ, օրինակ, ինքնաձիգով։

Չնայած Հայաստանում Ռուսաստանի ներկայության ակնհայտ գաղութարար բնույթին, նշանավոր քաղաքական ուժերից ոչ մեկը օրակարգում չի բարձրացնում ռուսաստանյան զորքերը դուրս բերելու հարցը։ Ռուսաստանցի զինծառայողների վարքը վերահսկելու ու նրանց գործողությունների թափանցիկությունն ապահովելու հարցը, սակայն, դեռևս կարող է բացվել։

Ուստի, չպետք է թույլ տալ կոծկել տեղի ունեցածը, պետք է ձգտել թափանցիկ հետաքննության՝ նույն համերաշխության հանրային ակցիաների շնորհիվ։ Սա հենց այն դեպքն է, երբ դրանք կարող են ազդել իրավիճակի վրա, հատկապես, եթե տեղի ունենան մայրաքաղաքին որքան հնարավոր է մոտ։