Հունվարի 12-ին Գյումրիում վիրավորված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանն այսօր տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Երեկ նրան վիրահատել էին Գյումրիի Ավստրիական հիվանդանոցում, բժիշկների հավաստմամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին։
«Երեկ երեկոյան Երևանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ, որը գիշերն այնտեղ է անցկացրել: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և շոկային վիճակի հաղթահարմանը», – Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքերը փոխանցում է նախարարության կայքը։
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները:
Երեխային Երևան տեղափոխելուց հետո իրականացվում են տարբեր հետազոտություններ, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, «Սուրբ Աստվածամայր», ինչպես նաև Երևանի առաջատար այլ բժշկական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ այսօր կկազմակերպվի Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակին վերաբերող բժշկական երկրորդ կոնսիլիումը:
Սերյոժա Ավետիսյանը վիրավորում էր ստացել երեկ վաղ առավոտյան․ Ավետիսյանների տան վրա հարձակման հետևանքով սպանվել են փոքրիկի ընտանիքի 6 անդամները։ Սպանության մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել է։