Home / Տեսանյութեր / Սկզբունքային չէ՝ որտեղ է Գյումրիի սպանության մեղավորը կրելու պատիժը․ վստահ է Կոստանյանը

Սկզբունքային չէ՝ որտեղ է Գյումրիի սպանության մեղավորը կրելու պատիժը․ վստահ է Կոստանյանը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հասկանում է, որ Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության քննության վերաբերյալ մարդկանց մոտ կարող են զգացմունքային մղումներ լինել, բայցև նշում, որ «սա այն հարցը չէ, որ մենք պետք է զգացմունքային լուծմամբ առաջնորդվենք, որովհետև մենք գործ ունենք միջազգային իրավունքի, միջպետական հարաբերությունների հետ»։

Այսօր Շիրակի մարզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոստանյանն ասել է, որ Գյումրիի սպանության գործում առկա է 2 տեսակի հանցագործություն, մեկը՝ զինծառայողի կողմից զորամասը ապօրինի լքելն է, որը քննության ենթակա է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, մյուսը՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը, որը պետք է քննեն ՀՀ իրավապահ մարմինները։

Գլխավոր դատախազն ընդունել է, որ, ըստ ՀՀ֊ի և ՌԴ֊ի միջև գործող «ՀՀ֊ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 4-րդ կետի, ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունները ենթակա են քննության ՀՀ իրավապահ մարմինների կողմից։ Կոստանյանը նաև մեջբերել է նույն պայմանագրի 5-րդ կետը, որի համաձայն բացառություն են կազմում ռազմական հանցագործությունների դեպքերը, երբ դրանք պետք է քննվեն ՌԴ իրավապահ մարմինների կողմից։ Ըստ դատախազի՝ տվյալ դեպքում հանցագործության առաջին հատվածը՝ զորամասը լքելը, ռազմական հանցագործություն է։

Գլխավոր դատախազը, այնուամենայնիվ, պնդել է, որ խոսք չկա անգամ որևէ իրավազորություն որևէ մեկին հանձնելու մասին, պարզապես ՀՀ դատախազության նպատակն է ցույց տալ, որ «մենք իրականում գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ, և նկատի ունենալով, որ նման հարաբերությունները կարգավորվում են միջպետական պայմանագրով, հետևաբար երկու պետությունների օրենսդրությունների համեմատության, համադրության և կիրառելիության խնդիր ունենք, և ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել»։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք սպանությունն ավելի ծանր հանցագործություն չէ, քան զորամասը լքելը, Կոստանյանը պատջասխանել է, որ իրավունքի տեսանկյունից հանցագործության ծանրությունը նշանակություն չունի։ Կոստանյանը վերահաստատել է, իր երեկվա խոսքերն այն մասին, որ «հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում»։ Նա նաև ընդգծել է, որ Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում, քանի որ նրան հայտնաբերել են ռուս սահմանապահները։

Գլխավոր դատախազին հարցրել են նաև՝ մեղադրանքը հաստատվելու դեպքում որտեղ է անձը կրելու իր պատիժը, ինչին Կոստանյանը պատասխանել է, որ պատիժը կրելու խնդիրը միանգամայն այլ է, կարգավորվում է այլ միջազգային կոնվենցիաներով, և այժմ վաղ է այդ մասին խոսել։

«Ես չեմ կարծում, որ դա մեծ սկզբունքայնության խնդիր է», ֊ ասել է Գևորգ Կոստանյանը։

Նշենք, որ այսօր ռուսական կողմը հայտարարել է, որ Վալերի Պերմյակովը կալանավորվել է և նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկու կամ ավել մարդկանց սպանություն, առանձնակի դաժանությամբ սպանություն և մանկահասակի սպանություն, որը գտնվում է անպաշտպան վիճակում) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (ծառայության ժամանակ տրամադրված զենքով դասալքություն) հատկանիշներով:

Խափանման միջոցի հարցը որոշել է Երևանում տեղակայված ռուսական հինգերորդ կայազորի դատարանը:

Պերմյակովի գործի մասին փաստաբան Հարություն Բաղդասարյանի դիտարկումները՝ այստեղ։