18.21 Հավաքվածները հրաժարվել են լքել ռազմաբազայի հարակից տարածքը և պահանջել են, որպեսզի Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն անմիջապես զանգահարի ՀՀ գլխավոր դատախազին և հստակ տեղեկանա՝ երբ է տրվելու իրենց պահանջի պատասխանը։ Ասլանյանն ասել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում, և դրանք առավոտյան շարունակվելու են։ Ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ մինչև Ավետիսյանների հուղարկավորության արարողությունը պատասխանը կտրվի։ Եթե դա չարվի, մարդիկ խոստացել են կրկին բողոքի ցույց անցկացնել։
17․50 Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նա հորդորում է մարդկանց ցրվել: Դրանով, ըստ նրա, պահանջը կշարունակի մնալ օրակարգի մեջ:
«Ես գնամ, կգամ, ձեզ տեղեկություն կտրամադրեմ: Այստեղ մնալը գործին օգուտ չի տալիս: Ավելի լավ է գնանք դատախազության մոտ, ոստիկանության, որտեղ կուզեք »,- խոստացել է նա:
17․30 Ոոստիկանները մարդկային պատնեշ են կառուցել և թույլ չեն տալիս մոտենալ ռազմաբազային: Մարդիկ գոռում են՝ «հայը հայի դեմ է ելել»:
ժողովրդի կեսը կարողացել է անցնել ոստիկանների կառուցած պատնեշը, սակայն մեծ մասը դեռ հեռու է ռազմաբազայից:
«Ասպարեզի» փոխանցմամբ՝ ռուսական բազայի զինվորները ևս մոտենում են ակցիայի մասնակիցներին՝ վահաններով:
Ռազմաբազայի տարածքում այս պահին մոտ 2000 մարդ է հավաքվել։
Լևոն Բարսեղյանը հայտարարել է, որ իրենք ռազմաբազայի մոտից չեն հեռանալու:
Լրագրողի փոխանցմամբ՝ բազայում զինված զինվորներ են երևում, սակայն նրանք առայժմ չեն միջամտում:
Հայաստանի ոստիկանությունից նոր ուժեր են ուղարկվում ռազմաբազայի շրջան, նրանց ընդունում են հայհոյանքներով:
16.53 Ակցիայի մասնակիցները սպասել են մինչև 16.30-ը, սակայն դատախազությունից պատասխան այդդպես են չեն ստացել։ Փոխարենը՝ նրանց են մոտեցել ոստիկանները և հորդորել կարդալ ՀՀ Դատախազության և Քննչական կոմիտեի հայտարարությունները:
Հայտարարություններում, որոնք հավաքվածների համար առցանց ընթերցել է Լևոն Բարսեղյանը, մասնավորապես, ասված է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ:
«Փաստորեն, այս հայտարարությունների մեջ նոր բան չի ասվում: Դատախազությունը մեր համար մամուլի քարտուղար է աշխատում: Մեր պահանջի պաստասխանն այստեղ չկա»,- ասել է Բարսեղյանը:
Հավաքվածները սկսեցին վանկարկել «ամոթ, ամոթ»:
Այս պահին երթը շարունակվում է դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա: Մասնակիցների թիվն ավելանում է։
16.30 Ռուսաստանի հյուպատոսությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցներն ուղևորվել են դեպի մարզպետարան: Մարզպետարանի շենքի մոտ Լրագրողների ասպարեզ ակումբի խորհդրի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարել է. «ՀՀ դատախազը երեկ մի խայտառակ բան է ասել: Նա մեջբերումներ է արել ՌԴ սահմանադրությունից: Ուրիշ ոչ մեկը չի կարող դատել, էդ գյադեն Հայաստանում պետք է դատվի առանց արտահանձնման իրավունքի, եթե, իհարկե, ինքն է արել»:
Այնուհետև երթը շարունակվել է դեպի Շիրակի մարզի դատախազության շենքը: Ինչպես փոխանցում է «Ասպարեզ» ակումբի լրագրողը՝ դատախազության շենք տանող ճանապարհը փակ է ավտոմեքենաներով: Ակցիայի մասնակիցները շենքին հասել են ոտքով:
Այստեղ նրանց տեղեկացրել են, որ դատախազությունում հարցով խորհրդակցություն է հրավիրվել: 16.30-ին հայտարարություն է արվելու:
Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «մենք ենք տերը մեր երկրի»: Որոշները հակադարձում էին՝ «Պուտինն է տերը»:
15։ 45 Գյումրի քաղաքում այսօր, ժամը 13։00֊ին ավտոերթ է մեկնարկել, որի մասնակիցները պահանջում են, որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը հետաքննվի Հայաստանի իրավապահ մարմինների կողմից: Ավտոշարասյունը ուղևորվում է դեպի Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենք: Ավտոերթին մասնակցում են մոտ 200 մեքենաներ:
Երեկ հայտնի է դարձել, որ հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի գործը քննելու է ռուսաստանյան կողմը։
Ավտոերթի մասնակիցները, հասնելով հյուպատոսարանին, կանգնեցրել են ավտեմեքենաները, միացրել են մեքենաների ազդանշանները, իջել մեքենաներից, և այս պահին ակցիան շարունակվում է հյուպատոսարանի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները։
Նրանք թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ Ռուսաստանի հյուպատոսարանի շենքին՝ պատճառաբանելով, որ այսօր սուգ է և ակցիա անելու ժամանակը չէ։
«Մենք ունենք մեկ պահանջ` Պերմյակովը պետք է դատվի Հայաստանում»,- ոստիկաններին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից