Արդեն երրորդ անգամ ՀՀ ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել բանակում զոհված զինվորների ծնողներին բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դարպասների մոտ։ Երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 11-ին, ոստիկանները բռնություն կիրառելով նախագահականի դիմաց կանգնած ծնողներին տեղափոխել էին Բաղրամյան պողոտայի դիմացի մայթ։
Նախորդ շաբաթ՝ փետրվարի 19-ին, մի խումբ ոստիկաններ անգամ թույլ չէին տվել բողոքողներին մոտենալ նախագահական նստավայրին՝ նրանց կանգնեցնելով դիմացի մայթին։
Այսօր բողոքի ակցիայի մասնակից 3 մայրերին՝ Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին և Հերիքնազ Մուրադյանին, կրկին արգելել են փողոցն անցնել։ Ակցիայի մասնակիցները պաստառներով կանգնել են Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ․ այդ ընթացքում նրանց հսկում էին մոտ 15 ոստիկաններ՝ մի քանիսը կանգնած էին անմիջապես մայրերի դիմաց, իսկ մյուսները շարվել էին նախագահական նստավայրի մայթին։ Բաղրամյան 26-ի դարպասների մոտ 3 ոստիկանական մեքենա և 1 ոստիկանական գազել էր կայանված։
Ակցիայի մասնակից Իրինա Ղազարյանը Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում նկատել է, որ 1 տասնյակից ավել ոստիկաններ հսկում են ընդամենը 3 կանանց։ Կնոջ խոսքով՝ իրենք ամեն դեպքում շարունակելու են ակցիաները․ «Հանգիստ չենք տալու մինչև մեր հարցին պատասխան չլինի»։
Բանակում խաղաղ պայմանենրում զոհված զինծառայողների ծնողներն ասել են, որ իրենցից ոչ ոք ՀՀ նախագահին ուղղված նամակի պատասխանը չի ստացել, թեև նամակն ուղարկելու օրվանից արդեն 3 ամիս է անցել։ Նանա Մուրադյանի խոսքով՝ նախագահական նստավայրի նամակների և ընդունելությունների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանն իրենց ասել է, թե բոլորի հասցեներն էլ ունեն և պատասխան լինելու դեպքում կուղարկեն նամակի հեղինակներին։
Նշենք, որ նամակում ծնողները Սերժ Սարգսյանից պահանջում են հանդիպել իրենց հետ և արդար լուծում տալ զոհված զինվորների քրեական գործերին։