Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Արաքս Ավետիսյանի հոր՝ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և նույն գրասենյակի իրավապաշտպան Արայիկ Զալյանը դիմել են ՀՀ քննչական կոմիտե՝ պահանջելով լրացնել գործով որպես մեղադրյալ անցնող Վալերի Պերմյակովի մեղադրանքը: Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Արայիկ Զալյանը։
Միջնորդության հեղինակները նշել են, որ Վալերի Պերմյակովի նկատմամբ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձի վերաբերյալ մեղադրանք չառաջադրելը ՀՀ իրավապահ մարմինների կողմից անգործության դրսևորում է:
«2015թ. հունվարի 13-ին ժամը 00:15-ի սահմաններում հայ-թուրքական պետական սահմանին Ռուսասատանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները ձերբակալել են պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձի, որը, հետագայում պարզվել է, Վալերի Պերմյակովն է: Ռուսաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու ցանկացած դեպքում պարտավոր են կատարել 1992թ. սեպտեմբերի 30-ի «ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» պայմանգրի 5-րդ հոդվածով նախատեսված գործողությունները, ինչը բացառում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից ինքնուրույն հետաքննչական գործողությունների իրականացումը և սահմանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ համատեղ օպերատիվ հետախուզական աշխատանք, պետական սահմանը խախտելու վերաբերյալ համատեղ հետաքննություն և համատեղ անհետաձգելի գործողություններ՝ համաձայն ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի:
Հունվարի 13-ին, ժամը 00:15-ին հայ-թուրքական պետական սահմանին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ իրավապահ մարմիններին, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ իրավապահ մարմիններն էլ, իրենց հերթին, տեղեկություն չեն պահանջել: Վալերի Պերմյակովի գործողությունը, ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարք՝ պետական սահմանն ապօրինի հատելը»,- ասված է միջնորդության մեջ: