Գլխավոր / Հայաստան / Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Հոլոդոմորը․ պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Հոլոդոմորը․ պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին․ «Ժողովուրդ»

Հայաստանյան իշխանություններն արդեն կայացրել են իրենց ընտրությունը, և այդ որոշումը բացարձակ կապ չունի Եվրոպական Միության հետ, այն կապված է Մոսկվայի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը, ով այս օրերին մասնակցում է Երևանում անցկացվող «Եվրանեսթ»֊ի նիստին։

Նա նշել է, որ անգամ եթե Հայաստանը մոտ ապագայում ԵՄ֊ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրի, այն չի կարող շրջադարձային կերպով փոխել Հայաստանի և հայաստանյան իշխանությունների՝ դեպի Մոսկվա բռնած դիրքորոշումը։

Անդրադառնալով «Ժողովուրդ»֊ի լրագրողի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում այս տարվա ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը նշելու Թուրքիայի կողմից ընդունված որոշմանը՝ Տարասյուկն ընդգծել է, որ չի ցանկանում խառնվել հայ֊թուրքական, ինչպես նաև հայ֊ադրբեջանական հարաբերություններին։

Ուկրաինացի պատգամավորը հիշեցրել է, որ նախորդ դարի 30-ական թվականներին 7 միլիոն ուկրաինացի մահացել են՝ արհեստականորեն սովի (Հոլոդոմոր) մատնվելով ստալինյան տեռորի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցավակցում է ցանկացած ժողովրդի, որը մասսայական սպանդի է ենթարկվել․ «Սակայն հիմա ես եմ Ձեզ հարցնում՝ ինչո՞ւ է Հայաստանը բացարձակ կերպով մերժում Հոլոդոմորի եղելությունը։ Ես, օրինակ, կարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը դա ոճրագործություն է, իսկ ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը, հայերը չեն համարում 7 միլիոն ուկրաինացիների սպանդը ցեղասպանություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում