Home / Տեսանյութեր / Ո՞վ է ՔԿՀ տարել ափիոնը․ քննիչը չի կարևորում ինքնախոստովանականը

Ո՞վ է ՔԿՀ տարել ափիոնը․ քննիչը չի կարևորում ինքնախոստովանականը

Սիսիան քաղաքի բնակիչ Արթուր Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իր որդուն՝ Մուշեղ Մանուչարյանին, «Գորիս» ՔԿՀ-ում այցելելու ժամանակ ափիոն տեսակի թմրանյութ փոխանցելու համար:

Արթուր Մանուչարյանը չի ընդունում մեղադրանքը, սակայն քննչական մարմինը հրաժարվում է փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը: Ինչպես նշում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության կայքը, այժմ հայր և որդի Մանուչարյանները գտնվում են «Գորիս» ՔԿՀ-ում:

«Մենք խնդրում ենք գոնե ստորագրությամբ բաց թողնեն, հորս առողջական վիճակը շատ վատ է, նա դեռ եղբորս այցելությունից առաջ բժշկական ստուգումներ է անցել, որպեսզի վիրահատության ենթարկվեր»,- «Հելսինկյան Ասոցիացիայի»֊ի հետ զրույցում ասել է Արթուր Մանուչարյանի մյուս որդին՝ Արմենակ Մանուչարյանը:

«Բոլորին հայտնի է, որ քրեակատարողական հիմնարկներ հարազատներին տեսակցության գնացող բոլոր այցելուները զննվում են մինչև տեսակցությունը, իսկ մինչ այդ ոչ մեկի մոտից ոչ մի արգելված իր չի հայտնաբերվել: ՔԿՀ-ի տեսակցության սենյակներում տեսախցիկներ են տեղադրված, որոնք իբրև այդ պահին անջատված են եղել, և Արթուր Մանուչարյանին մեղադրանքը առաջադրվել է միայն «Գորիս» ՔԿՀ-ի աշխատակցուհու ցուցմունքով, ով նշել է, որ Արթուր Մանուչարյանի ձեռքի շարժումից ենթադրում է, որ վերջինս է որդուն փոխանցել թմրանյութը»,- գրում է «Հելսինկյան ասոցիացիան»:

Քրեական գործի հարուցումից հետո Մուշեղ Մանուչարյանին տեսակցության գնացած հարազատներից մեկը՝ Հրահատ Մանուչարյանը, ներկայացել էր Գորիսի քննչական բաժին և ինքնախոստովանական ցուցմունք տվել այն մասին, որ արգելված նյութը ինքն է դրել Մուշեղ Մանուչարյանի գրպանը, սակայն վարույթն իրականացնող քննիչ Սմբատ Բալույանը ցուցմունքներին ընթացք չի տվել և որևէ միջոցառում չի իրականացրել վերջինիս նշած հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննիչի և ՔԿՀ-ի աշխատակիցների անօրինական գործողությունների դեմ «Գորիս» ՔԿՀ-ում հայր և որդի Մանուչարյանները 7 օր հացադուլ են արել, սակայն, որևէ արդյունքի չհասնելով, դադարեցրել են հացադուլը:

Լուսանկարը՝ ced.am

Tekali Taxi