Home / Տեսանյութեր / Հայաստանցի դատավորները պետք է կենտրոնանան բռնարարի, ոչ թե զոհի վրա

Հայաստանցի դատավորները պետք է կենտրոնանան բռնարարի, ոչ թե զոհի վրա

«Կանանց աջակցման կենտրոն ՀԿ»֊ի ներկայացուցիչ Մարո Մաթոսյանը «Դատավորների ոչ էթիկական հարցերը բռնության զոհին» հոդվածում անդրադառնում է ամուսնու կողմից տարիներ շարունակ բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի դատավարությանը.

«Բազմիցս նշվել է, որ Հայաստանում դատավորները և փաստաբաններն ընտանեկան բռնության յուրահատկություններին չեն տիրապետում, չունեն համապատասխան պատրաստվածություն և գիտելիքներ, ու դա հատկապես ի վնաս զոհի է արտահայտվում: Վերոնշյալն ակնառու էր Հասմիկ Խաչատրյանի ընտանեկան բռնության գործով դատավարության նախորդ նիստին՝ 2015թ.-ի մարտի 17-ին:

Երբ ընտանեկան բռնության զոհը հայտնվում է դատարանում կամ նույնիսկ երբ նրա հետ սկզբնական շրջանում աշխատում են սոցիալական աշխատողը կամ փաստաբանը, չափազանց կարևոր է, որ նա կրկնակի զոհացման չենթարկվի: Այդուհանդերձ, Հասմիկ Խաչատրյանի գործը քննող Վերաքննիչ դատարանի դատավորների եռյակը` Ռուզաննա Բարսեղյանը, Սերգեյ Չիչոյանը, Գագիկ Ավետիսյանը, հարցեր են ուղղել Հասմիկին՝ կարծես թե փորձելով նրան մեղադրել բռնարար հարաբերությունից չհեռանալու համար: Բավական ագրեսիվ տոնով հնչել են հետևյալ հարցադրումները` «Ինչո՞ւ շուտ չէիք բաժանվում», «Մի կտոր հացի համար էի՞ք մնացել», «Ձեռքերդ կապել էի՞ն, որ դուրս չէիր գալիս»: Այսպիսի հարցերը ոչ միայն նվաստացնող և վիրավորական են, այլ նաև վայել չեն դատավորին:

Անցած 50 տարիների ընթացքում ընտանեկան բռնության երևույթը հետազոտվել և ուսումնասիրվել է հոգեբանների և սոցիալական աշխատողների կողմից, և այժմ այս ոլորտում մասնագիտացված մարմինները և անձիք օգտագործում են միջազգայնորեն հաստատված մեթոդաբանություն: Ցավոք սրտի, Հայաստանում չեն անցկացվել համապատասխան ուսուցողական դասընթացներ մասնագետների համար, որպեսզի «ընտանեկան բռնություն» երևույթը ճիշտ ընկալվի: Եվ այսպես, ինչո՞ւ է ի վերջո սխալ նմանատիպ հարցեր տալ զոհին:

Առկա են բազմաթիվ պատճառներ, որոնք ընտանեկան բռնության իրավիճակում հայտնված կնոջը խանգարում են հեռանալ ամուսնուց` էմոցիոնալ և ֆինանսական կախվածությունը, տնտեսական պատճառները, ամոթի զգացումը, գնալու տեղ չունենալը, վախերը, երեխաներին կորցնելու վտանգը և իրեն կամ իր ընտանիքին վնասելու կամ սպանելու սպառնալիքները:

Ավելին, կանայք տարիներ շարունակ բռնությանը դիմանում են այն հույսով, որ ի վերջո իրավիճակը կփոխվի և իրենք կկարողանան ընտանիքը պահպանել: Բռնարարն իր զոհին մեկուսացնում է շրջապատից, ընկերներից և ընտանիքից, իսկ այս մեկուսացումը նշանակում է, որ զոհը օգնություն խնդրելու տարբերակ նույնիսկ չի ունենում: Հասմիկի դեպքում մեկուսացումը ծայրահեղ բնույթ էր կրում, քանզի նա ոչնչի իրավունք չուներ առանց ամուսնու թույլտվության․ չէր կարող նույնիսկ բժշկի գնալ ծեծի հետևանքով վնասվածքները բուժելու համար: Բռնության հետևանքները Հասմիկի մոտ խորը հետքեր էին թողել։ Դրանք արտահայտվում էին վախերի, տագնապների և ընդհանուր տրավմայի տեսքով: «Կանանց աջակցման կենտրոնի» անձնակազմի երկարատև հոգեբանական խորհրդատվությունների միջոցով միայն այս հետևանքները սկսեցին վերանալ: Հայաստանում հաճախ անհանգստանում են բաժանվելու հետ ասոցացված ամոթի պատճառով՝ ուրիշներն ի՞նչ կասեն այդ մասին, նույնիսկ եթե զոհը հեռանա բռնարար հարաբերությունից: Ամուսնուց հեռանալու, երեխաների նկատմամբ անուշադիր լինելու կամ ազատամիտ կին լինելու խարանը հատկապես կործանարար է մարզերում ապրող կանանց համար:

Հայաստանում վերջերս սկսել են գործել բռնության ենթարկված կանանց համար ապաստարաններ և նրանց հասկացող ու աջակցող կազմակերպություններ, որոնք բռնության զոհերին չեն մեղադրում: Հենց սա փրկեց Հասմիկի կյանքը: Նրան ընդունեց «Կանանց աջակցման կենտրոնը», ուր նա չմեղադրվեց զոհ լինելու պատճառով, այլ հասկացավ, որ բռնարարն է իրական մեղավորը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ դատավորների եռյակի հարցերը չանդրադարձան բռնարարին և նրա վարքին: Ինչո՞ւ չհարցրեցին՝ «Արդյո՞ք լավ ամուսին էր նա», «Արդյո՞ք իր ընտանիքի մասին հոգ էր տանում», «Արդյո՞ք լավ հայր էր, եթե ուներ սիրուհի, խմում էր, ծեծում էր երեխաների մորը և նրանց բոլորին ենթարկում հոգեբանական տրավմայի»: Ինչո՞ւ էր մեղքի բաժինը Հասմիկի վրա: Ո՞ւմ էին պաշտպանում դատավորները: Միանշանակ է՝ մեղադրական հարցերի արժանի չէ Հասմիկը, այլ դրանց արժանի է բռնարար Սարգիս Հակոբյանը, ով չի կարող կառավարել ինքն իրեն և նույնիսկ իր իսկ ծնողներին ծեծի ենթարկելու պատճառով այժմ գտնվում է կալանքի տակ։

Ցանկացած անձ իրավունք ունի իրեն վերաբերող որոշումներ ընդունել և բռնությունից և սպառնալիքներից զերծ կյանք ապրել: Միգուցե, այս հոդվածը կօգնի Վերաքննիչ դատարանի դատավորներ Ռուզաննա Բարսեղյանին, Սերգեյ Չիչոյանին և Գագիկ Ավետիսյանին կենտրոնանալ բռնարարի վրա և ոչ թե մեղադրել զոհին, ով արդեն իսկ բավական շատ հոգեկան և ֆիզիկական տառապանք է ապրել»:

Tekali Taxi