հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը խույս կտա խորհրդարանական համակարգից. իրավապաշտպան

Սերժ Սարգսյանը խույս կտա խորհրդարանական համակարգից. իրավապաշտպան

Իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումներին պետք չէ մասնակցել, որովհետև, դա անելով, ներքաշվում ես անիմաստ մի գործընթացի մեջ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով՝ քննարկումներն անիմաստ են երկու պատճառով. նախ՝ միևնույն է, քվեարկությանն ի վերջո դրվելիք տեքստում քաղաքացիական հասարակության կարծիքը չի արտահայտվելու, քանի որ կան մի խումբ մարդիկ, ովքեր ինքնուրույն որոշումներ են կայացնում:

«Երկրորդ՝ մենք գիտենք, թե հանրաքվեներն ու ընտրությունները Հայաստանում ինչ եղանակով են անցնում, այսինքն՝ մենք ո՛չ բովանդակության վրա, ո՛չ ընդունել-չընդունելու վրա որևէ լծակ չունենք: Իսկ ներքաշվելով՝ մենք միայն լեգիտիմացնում ենք այն, ինչ ուզում է անել իշխանությունը»,- ասել է Ստեփան Դանիելյանը:

Նա ասել է, որ ամբողջ հարցը Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելն է․ «Սերժ Սարգսյանը լուրջ խնդրի առաջ է կանգնել և ինքն էլ դեռ չգիտի՝ ինչ ճանապարհով է գնալու: Եթե, այնուամենայնիվ, խորհրդարանական կառավարման համակարգի անցնենք, անձի իշխանությունը խնդիրներ կունենա, քանի որ, թեկուզ սիմվոլիկ, նախագահին գոնե դատական համակարգը և որոշ կարևոր ֆունկցիաներ կտրվեն: Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը կաշխատի խույս տալ խորհրդարանական համակարգից և ինչ-որ հիբրիդային տարբերակ կմտածի»:

«Իրավունքի և ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը, ով ևս մասնակցում էր քննարկմանը, ասել է, որ ինքը համոզված չէ, որ սահամանդրությունը փոփոխվում է վերարտադրության համար:

«Սահամնադրությունը չի մեղավոր Հայաստանի ունեցած խնդիրներում: Տվեք Հայաստանի, Ուզբեկստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Ադրբեջանի իշխանություններին աշխարհի ամենակատարյալ սահմանադրությունը, նրանք միևնույն է կունենան այն երկիրը, որն ունեն: Սահմանադրությունը չէ, այլ քաղաքական վերնախավի աշխարհայացքն ու դաստիարակությունն են մեղավոր»,- ասել է Հարությունյանը: